ՊՆ նախկին փոխնախարարը չի հավատում, որ հայ զինվորների վրա կրակում են ՌԴ-ից գնված զենքով

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը և ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին սահմանային լարվածությունների և Վ. Պուտին-Ս. Սարգսյան հանդիպման մասին:

Սուքիաս Ավետիսյանն անդրադառնալով Վ. Պուտին-Ս.Սարգսյան հանդիպմանն ասաց, որ պետք է հաշվի առնել երկու բան. «Մի կողմից Ռուսաստան-Ադրբեջան որոշակի հարաբերություններ կան, որոնց արդյունքում Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, ինչը մեզ համար վտանգավոր է և ստիպում է, որ մենք էլ փորձենք որոշակի զինատեսակներ ձեռք բերել, որպեսզի կարողանանք ցանկացած պարագայում հակազդել:

Մեզ այդ զենքը տրվում է արտոնյալ վարկերով: Համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝  գործարանային գներով որոշակի զինամթերքներ են մատակարարվելու ՀՀ-ին: Ոչ միայն ռուսական զենքով է զինվում Ադրբեջանը, այլև այլ երկրների: Նաև պետք է ընդունենք, որ այո, ցավալի է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կարծես թե լարվածությունն անընդհատ մեծանում է, և Ադրբեջանը սանձարձակ պահվածք է դրսևորում: Համարժեք պատասխաններ իհարկե լինում են»:

Ըստ նրա՝ արդեն երկար տարիներ միջազգային հանրությունը ընդհանուր գնահատականներ է տալիս, ինչը վատ է և իր կարծիքով՝ նրանք պետք է իրենց գնահատականները հստակ տան, դիրքորոշումները փոխեն, որ Ադրբեջանը հասկանա՝ այս լարվածության մեղավորն ինքն է:

Կարդացեք նաև

Վահան Շիրխանյանն էլ իրավիճակի սրվածությունը չափազանցնելու մեջ մեղադրեց մամուլին. «Մենք արդեն 21 տարի է զինադադարի պայմաններում ենք, բայց երբեք չեն դադարել ընդհարումները սահմանում:  Իհարկե, նախաձեռնողը եղել է Ադրբեջանը, պատասխանողը՝ Հայաստանը: Այսօր դա մեծ ծավալներով է ներկայացվում: Երկակի ստանդարտներից խոսելիս՝ Ռուսաստանին չի կարելի առանձնացնել, որովհետև դրա վարպետը ԱՄՆ-ն է: Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է»:

ՊՆ նախկին փոխնախարարն ասաց, որ չի հավատում, թե հայ զինվորների վրա կրակում են Ռուսաստանից գնված զենքով, իսկ ՀԱՊԿ կառույցի լռությունը բացատրեց նրանով, թե ՀԱՊԿ-ի պայմանագիրն ասում է, որ կոլեկտիվ անվտանգությունն է ապահովվում, ըստ նրա՝  դա վերաբերում է պատերազմական գործողություններին, իսկ նման գործողություններ չկան.

«ՀԱՊԿ-ի հետ Հայաստանն իրականացնում է պարբերական զորավարժություններ ՝ բարձրացնելով իր մարտունակությունը: Պայմանագրում ոչ մի կետ չեք գտնի, որ եթե Չինարիի վրա հարձակվել են, ՀԱՊԿ-ը պետք է միջամտի: Բայց այդ պետությունը ոչ թե հարձակում է իրականացնում Հայաստանի վրա, այլ իրականացնում է ահաբեկչություն: Ադրբեջանը տեռորիստական երկիր է, և Հայաստանի պատասխանը պետք է լինի հակատեռորիստական գործողություն, որը պետք է ինքներս իրականացնենք»:

Սուքիաս Ավետիսյանն  համաձայն էր  այդ մտքի հետ. «Անկախ պետություն ենք, ունենք մեր բանակը և կարող ենք ինքնուրույն քայլեր կատարել, և ՀԱՊԿ-ից չպետք է օգնություն խնդրենք: Այստեղ հարձակում չկա, հարձակում նշանակում է սահմանը հատել և մտնել այլ պետություն, ինչը չկա: Մենք բոլոր հնարավորություններն ունենք հակազդելու»:

Տեսանյութեր

Լրահոս