
«Առաջին գծի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը». Մովսես Հակոբյան

Սահմանային լարվածությունը պարզապես զուգադիպել է «Շանթ 2015» զորավարժությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ զորավարժությունը պլանավորված է եղել 2014թ. նոյեմբերից:
«Ինչ վերաբերում է լարվածությանը, մենք անցյալ տարի ավելի լարված իրավիճակ ենք ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին առաջին գծում»,- ասաց նա՝ նշելով, որ ցանկացած անգամ, երբ միջնորդները սկսում են ակտիվ աշխատել և հանդիպումներ կազմակերպել,
Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակն առաջին գծում՝ նպատակ ունենալով թերագնահատել նրանց աշխատանքը և շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, «որ այս կարգավիճակն իրենց չի բավարարում, որպեսզի գործնական քայլեր կիրառվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապեության հետ կապված հիմնախնդիրը լուծելու՝ ի օգուտ իրենց»:
«Այն, ինչ ստեղծվել է առաջին գծում, զինված ուժերի համար նորություն չէ, մենք միշտ այդ կարգավիճակում լինում ենք՝ մի փոքր ավելի թույլ կամ ուժեղ: Եվ կարծում եմ՝ առաջին գծի ստորաբաժանումները լրիվությամբ վերահսկում են իրավիճակը»,- ասաց նա՝ նշելով, որ համապատասխան միջոցառումներ իրականացվել են, լարվածությունն իր կարծիքով՝ կգնա թուլացման:
Դիտարկմանը՝ արդյոք մտահոգիչ չէ՞, որ վերջին շրջանում ավելացել է հակառակորդի կողմից թուրքական զինատեսակների կիրառումն ու թուրքական հետքը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ Թուրքիան երբեք չի ժխտել, որ սատարելու է իր բարեկամ երկրին՝ Ադրբեջանին.
«Եվ նոր զենքերի կիրառումն առանձնահատուկ չէ: Այդ զենքերը, ինչպես վերջին ժամանակներս այս ընթացքում և նախորդ տարիների ընթացքում հակառակորդը միշտ կիրառել է, և մենք դրանց տեղյակ ենք:
Մինչև այդ զենքերի՝ Ադրբեջանի Հանրապետություն հասնելը մենք հետևում էինք և գիտեինք՝ ինչ է մատակարարելու, որտեղից է մատակարարելու, և այդ զենքերի առկայության մասին մենք տեղյակ ենք: Ինձ համար զարմանալի չէ, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին»: