«Գլխացավը բուժելու փոխարեն ուզում են գլուխը կտրել»

Ոչ միայն Սահմանադրության տեքստին, այլև որևէ այլ տեքստի մոգական կարևորություն վերագրելը սխալ կլինի: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղանի ընթացքում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:

«Մտածել, որ այս կամ այն բառերը կարող են մոգական ազդեցություն ունենալ տվյալ երկրի քաղաքական իրավիճակի վրա, մեր դարաշրջանին չի սազում»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է կարողանալ Սահմանադրության տեքստին ոչ ավել, ոչ պակաս կարևորություն վերագրել: Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ իրենց համար սահմանադրական փոփոխությունների գործընթացն ընդամենն առիթ է, որպեսզի ժողովուրդը գիտակցի, թե որն է գլխացավը:

«Ինչպես վերջերս դուք ասացիք, գլխացավը բուժելու փոխարեն ուզում են գլուխը կտրել: Այսինքն՝ այստեղ լուրջ վիրահատություն է առաջարկվում անել պետական կառավարման ամբողջ համակարգի վրա այն պարագայում, երբ խնդրները, որոնք առաջացել են այդ կառավարման համակարգում, գալիս են սահմանադրական անգոյությունից: Այսինքն՝ հայաստանում գոյություն չունի սահմանադրական վիճակ: Դրա համար այդպիսի պայմաններում որևիցե Սահմանադրության տեքստ իմաստազրկվում է»,- ասաց նա՝ նշելով որ Սահմանադրության իմաստն իշխանության սահմանափակումն է: Նրա խոսքով՝ փոփոխությունները, որոնք առաջարկվում են, հանգեցնում են ոչ թե իշխանության սահմանափակմանը, այլ ժողովրդի իրավունքների նվազեցմանը:

Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ իշխող ռեժիմը, հասկանալով, որ ընտրությունների հաջորդ ցիկլի ընթացքում ավելի շատ բարդություններ է ունենալու, փորձում է հնարավորինս քչացնել վտանգը, որն առաջանում է ընտրությունների ժամանակ. «Եթե երկու ընտրությունները մեկ են դառնում, ուրեմն երկու անգամ իրենց գործը հեշտանում է, իսկ ժողովրդի համար կրկնակի անգամ բարդանում է վիճակը, որովհետև եթե առաջին ընտրության ժամանակ ինչ-որ բան չի ստացվում, երկրորդ ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարող է նորից մոբիլիզացվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս