«Սա ավանտյուրա է». Հմայակ Հովհաննիսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

Սահմանադրական փոփոխությունների գործընթացում պետք է հաշվի առնել ոչ միայն իրավական նորմերը, այլ նաև քաղաքագիտական չափանիշները: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղանի ընթացքում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կազմակերպության տեսակետը: Նրա խոսքով՝ քաղաքագիտական չափանիշները հաշվի առնելով կարելի է գնահատական տալ, թե գործընթացը որքանով է գործընթացային և բովանդակային առումով համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:

«Այդ առումով, իհարկե, ինչպես սեպտեմբերի 3-ի՝ ԵՏՄ մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության դեպքում, այնպես էլ սահմանադրական փոփոխությունների գործընթացին սկիզբ դնելու պարագայում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, քանի որ պատասխանատվություն է կրում արտաքին քաղաքական ուղեգծի համար, իրավասու է նման հայտարարությամբ հանդես գալ և նման շրջադարձային քայլ կատարել (խոսքը ԵՏՄ մտնելու մասին է), նաև իրավասու է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ: Սակայն մենք գիտենք, որ թե առաջին, թե երկրորդ հարցը նրա նախընտրական պլատֆորմում, որով նա ներկայացել է ժողովրդին 2013թ. նախագահական ընտրություններին, չկային: Հիմա խոսքը գնում է սահմանադրական փոփոխությունների մասին: Սահմանադրական փոփոխություները լրջագույն իրադարձություն է. լրջագույն, բեկումնային քայլ է, նամանավանդ որ այս նախագծի հետ կապված շատ ծանրակշիռ փաստարկներ կան, որ սա ամենևին էլ սահմանադրական փոփոխություն չէ, այլ նոր Սահմանադրություն ընդունելու փորձ՝ փոփոխությունների անվան տակ: Այսինքն՝ այնտեղ փաստորեն ամեն ինչ է փոխվում՝ բացի գլուխների և էջերի համարակալումից: Բովանդակային առումով փոփոխությունները վերաբերում են բոլոր հոդվածներին, և ըստ էության դրա համար վերլուծաբաններից շատերը դա գնահատում են որպես սահմանադրական հեղաշրջման փորձ, նախագիծ: Իսկ տվյալ պարագայում, եթե նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը իր նախընտրական պլատֆորմում, որը ներկայացրել է, որևէ ձևով, որևէ նախադասությամբ նույնիսկ չի ակնարկել, որ մտադիր է ընտրվելու դեպքում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որքանո՞վ է ազնիվ այսօր դնել այդ հարցը և սկսել այդ գործընթացը: Սա, քաղաքագիտական չափանիշներից ելնելով, պարզապես անազնիվ քայլ է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագահի պաշտոնում առաջադրված և ընտրված քաղաքական գործիչը պարտավորվում է իրականացնել իր նախընտրական պլատֆորմում ամրագրված դրույթները, իսկ սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու դրույթ Սերժ Սարգսյանի նախընտրական պլատֆորմում չկար: Նրա խոսքով՝ դրանք ձևական չեն ներկայացվում. ժողովուրդն ընտրում է ոչ միայն անձին, այլև նրա ծրագիրը:

Նրա խոսքով՝ վերջին նախագահակ ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես է ընտրությունը վերածվում արարողակարգի, միջոցառման. «Մեր առաջարկությունն այն է, որ այս գործընթացը կասեցվի, նախագահական արտահերթ ընտրություններ լինեն, նախագահի թեկնածուները ընտրողներին ներկայանան իրենց պլատֆորմներով. մեկը կասի, որ կողմ է այս Սահմանադրությանը, գտնում է, որ այս Սահմանադրությունը լրիվ բավարարում է հասարակության պահանջները, և երկրի, պետության պահանջները: Մյուսը կասի, որ նախընտրում է այս փոփոխությունները: Երրորդը կասի՝ նախընտրում է կառավարման ձևի փփոխությունը:

Չորրորդը կասի՝ նախընտրում է ամերիկյան մոդելը, և երկրի ղեկավարը նաև գործադիր իշխանության ղեկավար է: Մյուսն այս առաջարկություն կանի: Ում այդ պլատֆորմով կընտրի ժողովուրդը, նա էլ սահմանադրական գործընթաց կսկսի և հանձնաժողով կստեղծի՝ իր այդ հիմնադրույթը դնելու համար, որովհետև սա լուրջ հարց է: 1-2 ամսվա ընթացքում հապճեպ, շտապողական պայմաններում սա ինչ է նշանակում: Սա նշանակում է պարզապես խաղալ պետության ճակատագրի հետ, հանձնել պետության ճակատագիրը բախտի քմահաճույքին: Սա ավանտյուրա է, որն իհարկե այս պայմաններում, երբ երկիրը մշտական պատերազմական վտանգի առջև է կանգնած, մենք չենք կարող մեր ձեռքի տակ եղած օրինական միջոցներով չհակադրվել այդ մեծագույն վտանգին, և մենք այդ տեսակետին ենք, որ պետք է միասնական ճակատ ձևավորվի դրա համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս