«Ես կիսում եմ նաև ադրբեջանցի գյուղացու վիշտը». Արամ Աբրահամյան
Խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ և զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը և ոչնչացնելով նրանց զինվորներին:
Պատերազմն իրենց ղեկավարությանն է պետք՝ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, մեզ պատերազմ պետք չի: Բայց ես կիսում եմ նաև ադրբեջանցի գյուղացու վիշտը, որի տունն այդ պատերազմի պատճառով քանդվում է, կիսում եմ ադրբեջանցի մոր վիշտը, ում որդին զոհվում է՝ իր երկրի ղեկավարության խելահեղ քաղաքականության պատճառով: Հայաստանում ոչ բոլորն են այդպես մտածում, ոմանց գուցե իմ այդ մտքերը «սրբապիղծ» թվան: Բայց ես կարող եմ հանգիստ արտահայտել իմ այդ մտքերը՝ չվախենալով «անարգանքի սյունին գամվելուց»: Դրանում է մեր և նրանց տարբերությունը: Հենց այդ տարբերության պատճառով էլ մենք միշտ հաղթելու ենք նրանց»,- գրել է նա: