Վերին Լարսում կուտակումներ են, քանի որ թուրքական բեռնատարները սկսել են Լարսով գնալ ՌԴ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակվել են Հայաստանից մեկնած մոտ 150 բեռնատարներ, որոնք սպասում են, թե երբ կհասնի տարանցիկ մաքսազերծման իրենց հերթը։ Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանից մեկնած ավտոշարասյունը հարկադրված է ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-օր սպասել։
Նրանց մի մասը մրգով կամ բանջարեղենով են բեռնված, ուստի երկար կանգնելու արդյունքում ապրանքը կարող է փչանալ։ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսում ստեղծված իրավիճակը նորություն չէ. «Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Հիմա թուրքական բեռնատարները Լարսով գնում են դեպի Ռուսաստան, իսկ մինչ այդ նրանք լաստանավով էին գնում ՌԴ»։ Այսպիսով՝ պարզվում է, որ ՀՀ և ՌԴ իշխանություններն այս խնդրի մասին վաղուց տեղեկացված են, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: