«Այդ ի՞նչ նախագահ է, որը պետք է նախարարի վիզան ստանա, որպեսզի «տուալետ» գնա». Իսագուլյանը՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի վերաբերմունքն ընդհանրապես չի փոխվել սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ որոշակի կոսմտիկ փոփոխություններ արվել են նախագծում, բայց դրանք, ըստ նրա՝ ոչինչ չեն փոխում:
«Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ նրանք, ովքեր նախագիծ են ներկայացնում, կոնկրետ ցույց տան՝ տվյալ կետը ինչ է տալու ՀՀ-ին, որ կետը ինչ տեղաշարժ է առաջացնելու, որ դրույթն է ապահովելու արտաքին և ներքին քաղաքականության կայունությունը»,- նշեց Գ. Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, ում հետ ժամանակին ինքը շատ լավ հարաբերություններ է ունեցել, հիմա ելույթ են ունենում, ու ինքը զգում է, որ նրանք խաբում են, ու ուզում են իրենք էլ իրենց ասածին հավատալ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ եթե Գ. Իսագուլյանը փոխել եք իր կարծիքը որոշակի մարդկանց մասին, սա ո՛չ այդ մարդկանց, ո՛չ էլ նրա մասին լավ բան չի ասում:
«Շատ խոսելը դեռ չի նշանակում շատ բան ասել, պարոն Իսագուլյան, ՀՀԿ-ն նախաձեռնել է դա, քանի որ տարիներ շարունակ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, հ/կ-ներն ասում էին, որ կառավարման համակարգը փոխվի, մեծամասնական համակարգը լինի, որ ճիշտ կլինի, որ անձինց կախված չլինի, ու աշխարհի վրա այդ համակարգը կոչվում է պառլամենտական համակարգ: Մենք գնում ենք աշխարհի գոյություն ունեցող ճանապարհով»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Գ. Իսագուլյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ այդ բոլոր հարցերը հնարավոր կլիներ լուծել միայն ընտրական համակարգում փոփոխություններ կատարելով. «Այդ նախագահի պաշտոնն ինչո՞ւ եք հիմնել: Որպեսզի գնա արտասահման՝ պետք է Հրանուշ Հակոբյանը նրա հրամանգրի վրա վիզա դնի, որ նա կարողանա գնա: Այդ ի՞նչ նախագահ է, որը պետք է նախարարի վիզան ստանա, որպեսզի «տուալետ» գնա: Պառլամենտական կառավարում շատ երկրներում կա, դրել եք նախագահ, որը ոչ մի ֆունկցիա չունի, գրել եք՝ ԱԺ-ն միակ ներկայացուցիչն է: Վարչապետին ի՞նչ օրն եք գցել, չե՞ք ամաչում»:
«Պարկեշտ բառեր չեք օգտագործում, դու ամաչի, ես ինչո՞ւ պետք է ամաչեմ»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը Գ. Իսագուլյանի դիտարկումներին: