
Սուրիկ Խաչատրյանի «դվայուրդնի» քրոջ տղան զերծ կմնա՞ Բուդաղյանների գործի քննությունից

Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ընտրված դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է: Սուրիկ Խաչատրյանը պարզաբանել էր, որ Արմեն Հարությունյանն իր «դվայուրդնի» քրոջ տղան է:
Ինչպես հայտնի է, Բուդաղյաններն արդեն գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:
168.am-ը Բուդաղյաններ փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կազդի այդ հանգամանքը իր գանգատի քննության վրա և արդյոք կա՞ն մեխանիզմներ, որպեսզի Արմեն Հարությունյանը զերծ մնա գանգատը քննելուց:
«Այո, եթե ինքն ունի այսպիսի շահերի կոնֆլիկտ, ինքը պետք է զերծ մնա այդ գանգատի հետ առնչվելուց: Ես հուսով եմ, որ այդ ամեն ինչը Եվրոպական դատարանում ամենաբարձր մակարդակով տեղի կունենա»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ հույս ունի՝ Արմեն Հարությունյանը կաշխատի զերծ մնալ այս գործով որևէ մասնակցությունից:
Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ այդ հարցը Եվրոպական դատարանում ամենաբարձր մակարդակով կկարգավորվի. «Հուսանք, որ հատկապես այս հրապարակումներից հետո այդ հարցը լավագույնս կլուծվի»: