Բուռն բանավեճ՝ Հրանտ Բագրատյանի և Ներսես Երիցյանի միջև
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բուռն բանավեճ տեղի ունեցավ պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի միջև: Ն.Երիցյանը ներկայացրեց օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է ԿԲ նախագահի տեղակալի ևս մեկ հաստիքի ավելացում, նաև ֆինանսական խմբերի կարգավորման հարցեր:
Հ.Բագրատյանը հայտարարեց, որ ԿԲ-ն ինքը բանկերի բանկն է և չի կարող կառավարել և՛ բանկերը, և՛ խնայողություններ հավաքագրող մարմիները: Դա, ըստ նրա, շահերի բախում է: Պատգամավորը նաև հայտարարեց, որ ԿԲ նախագահին տեղակալներ պետք չեն. կան խորհրդի անդամներ, որոնց վրա կարելի է դնել որոշակի պարտականություններ:
«Նույնիսկ Գազայի սեկտորում, որ իրար վայրենի սպանում են, կապիտալիզացիան 9% է, իսկ Հայաստանում 0 է»,- ասաց Հ.Բագրատյանը՝ նշելով, որ ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ֆոնդերի համար պետք է չափանիշներ սահմանվեն ու դրանցով կառավարության որևէ մարմին զբաղվի:
Ն.Երիցյանը հակադարձեց, թե կոնֆլիկտ չկա, որ հավաքողի և կարգավորողի հարցում և ԿԲ-ն պետք է մեգառեգուլյատոր հանդես գա ու դա աշխարհի միտումն է:
«ԿԲ-ն կառավարությունից հզոր է դարձել իր լիազորություններով, էլ ինչո՞ւ եք կառավարությունից հաշվետվություն պահանջում»,- դժգոհեց Հ.Բագրատյանը: