Տես հալդ ինչ է լինելու կամ ինչի՞ համար է դատվելու Բաբկեն Արարքցյանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «1996 թվականի նախագահական ընտրություններից առաջ ես հեռուստատեսային հարցազրույցներ վերցրեցի նախագահի բոլոր թեկնածուներից։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երբ ինքը գա իշխանության, ՀՀՇ-ն պատասխան կտա իր հանցագործությունների համար, իսկ ամբողջ թալանածը կվերադարձվի ժողովրդին։ Իմ ճշտող հարցին՝ «բոլորն են դատվելու», պարոն Մանուկյանը պատասխանեց՝ «ոչ, միայն նրանք, ում դատ է հասնում»։
Մոտավորապես նույնն ասաց Աշոտ Մանաչարյանը։ Այս դեպքում էլ ես որոշեցի հստակության մտցնել՝ «ինչի՞ համար է դատվելու, օրինակ, Բաբկեն Արարքցյանը»։ Նախագահի թեկնածուի պատասխանն էր՝ «նրա համար, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող մի կին ինքնասպանություն է գործել՝ իրեն դուրս գցելով պատահանից»։ «Դրա համար ԱԺ նախագահին դատ է հասնում», – հարցրեցի ես։ «Իհարկե՛», – շեշտադրված պատասխանել էր Մանաչարյանը։
20 տարում քաղաքական պայքարի սխեման Հայաստանում չի փոխվել։ Ընդդիմությունը մշտապես սպառնում է իշխանությանը, որ իշխանափոխությունից հետո վերջինս սարսափելի իրավիճակի մեջ է հայտնվելու, եթե ոչ ծառերի վրա կախած, ապա առնվազն «Նաբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ բոլոր դղյակները, ինչպես ասում են՝ «արտերու, եզերու, կովերու եւ ագարակներու» հետ միասին, իշխանավորների ձեռքից կառնվի եւ «կվերադարձվի ժողովրդին»։ Ընդ որում, ընդդիմադիրները միանգամայն վստահ են, որ իշխանափոխությունից հետո էլ դատարանները գործադիր իշխանության գրպանում են լինելու եւ իրենք (դե, իհարկե, ոչ թե իրենք, այլ «ժողովուրդը»՝ ի դեմս իրենց) վրեժ կլուծեն նախկին իշխանավորներից:
Արժանի՞ են իշխանավորները նման վերաբերմունքի: Ըստ երեւույթին՝ այո: Բայց խոսքը տվյալ դեպքում քաղաքական պայքարի «մեթոդաբանության» մասին է:
Ես առաջարկում եմ, նաեւ զուտ պրագմատիկ նկատառումներով, փոխել քաղաքական փիլիսոփայությունը. Ամեն րոպե չասել՝ «դու գհանցագործ ես, հլը տես, քո հալն ինչ է լինելու», իջեցնել ագրեսիվության մակարդակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում