Դերասան Արթուր Հարոյանի պատրաստած թփով տոլման բրազիլական հանդիսատեսի դելիկատեսն է
Շաբաթներ առաջ 168.am-ն անդրադարձել էր այն տեսանյութին, որտեղ Սան Պաուլոյում բնակվող մեր հայրենակից, դերասան, բեմադրիչ Արթուր Հարոյանը բրազիլական հեռուստատեսության ուղիղ եթերի ընթացքում ոչ միայն պատմել էր հայկական քոչարիի մասին, այլև պարել այն թոք-շոուի ուղիղ եթերում: Արթուրը՝ օգտագործելով ընձեռնված առիթը, որ գտնվում է մեծամասշտաբ լսարանի առաջ, այսպես ասած՝ հանրահռչակել էր ոչ միայն հայկական քոչարին, այլև բացահայտել հայկական ավանդույթներից մի քանիսը, օրինակ՝ թե ինչպե՞ս են այստեղ՝ մեր երկրում գնում «աղջիկ ուզելու», կամ, թե ո՞րն է մեր ազգային ամենահայտնի կերակրատեսակը՝ մեր խոհանոցային բրենդը:
Պարզվում է՝ նրա պատմածներն այնքան մեծ հետաքրքրություն են առաջացրել տեղի՝ բրազիլացի հեռուստադիտողների շրջանում, որ Արթուրի հաջորդ քայլը եղել է տեսական, բանավոր պատումներից անցնել խիստ պրակտիկ գործողությունների: Անհավատալի է, բայց նա բրազիլացիների համար բացահայտում է հայկական թփով տոլմայի բոլոր գաղտնիքները՝ սեփական փորձով ցույց տալով, թե ինչպես են այն պատրաստում իր հայրենիքում՝ Հայաստանում:
168.am-ի հետ զրույցում բրազիլաբանակ մեր հայրենակիցը պատմեց, որ ինտերնետային հաղորդման այս գաղափարը նախապես պլանավորված չի եղել. «Հաղորդումս թարգմանաբար նշանակում է «Հայը՝ խոհանոցում» («Um armênico na cozinha»): Երևի միտքը այն հայտնի շոու ծրագրին մասնակցելուց հետո ծագեց, երբ հաղորդավար շոումենին տոլմա հյուրասիրեցի: Ի դեպ, իմ այստեղ ունեցած գրեթե բոլոր հարցազրույցների ընթացքում շատ ակտուալ է հայկական խոհանոցի թեման, անընդհատ հարցնում են, թե ի՞նչ կերակուրներ ենք մենք պատրաստում, որո՞նք են մեր ազգային կերակուրները և, թե ինչպե՞ս են դրանք պատրաստվում:
Առաջիկա հաղորդումների ընթացքում նախատեսել ենք պատրաստել նաև հարիսա, ղափամա և թանով ապուր: Պիտի հատուկ նշեմ, որ հատկապես տոլման դժվարությամբ եմ պատրաստել, որովհետև ինքս կարմիր մսից վաղուց հրաժարվել եմ: Եթե նկատել ես՝ հաղորդման վերնագրում հատուկ C տառը կարմիր գծերով ջնջել եմ, որովհետև այստեղ հաճախ սխալվում ու մեզ անվանում են armênico, որն ինձ դուր չի գալիս, մենք հայ ենք՝ armênio»:
Տեսանյութը, որտեղ դերասան Արթուր Հարոյանը պատրաստում է հայկական ավանդական թփով տոլման ներկայացնում ենք ստորև.