«Ոչ թե թուլացել ենք, այլ նոկաուտի տակ ենք»
Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող հանրությունը մի քանի անգամ պառակտվեց, ու արդեն դժվար է պատկերացնել՝ պայքարի հետագա ընթացքն ինչպիսին կլինի: Սկզբում Բաղրամյան պողոտայում պայքարողները բաժանվեցին երկու մասի՝ հայտարարելով, որ մեկը («Ոտքի՛, Հայաստան») պայքարը պատկերացնում է քաղաքական, իսկ մյուսը («Ո՛չ թալանին»)՝ քաղաքացիական հարթությունում: Վերջին օրերի դեպքերն ավելի խորացրեցին այս տրամադրությունները, երբ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամների և «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ անդամների միջև տեղի ունեցավ ծեծկռտուք, ու մեկը մյուսին սկսեցին մեղադրել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելու» մեջ:
Ի՞նչ կատարվեց իրականում, և ի՞նչ դեր ունեն իշխանություններն այս ամենում: Պատասխանելով 168.am-ի այս հարցադրումներին՝ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասաց, որ մեր իշխանությունները մի բան են շատ լավ անում՝ պառակտում են. «Իրենց մոտ ամենաշատը դա է լավ ստացվում»:
Նա այս ամենում տեսնում է և՛ իշխանությունների ձեռագիրը, և՛ երիտասարդների ամբիցիաները, նաև որոշակի հմտությունների պակասը:
Հարցին էլ՝ արդյոք դա նաև չի՞ նշանակում, թե ինչքան թույլ է մեր ընդդիմությունը, որ չի կարողանում իշխանությունների դեմն առնել, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Շատ հեշտ է մեղադրել ընդդիմությանը, քաղաքական ուժը ոչ թե թուլանում կամ ուժեղանում է, այլ քաղաքական ուժի ամենափոքր սխալից իշխանությունը չտեսնված կարողանում է օգտվել, ու այդ մի փոքր սխալը խոշորացույցի տակ խոշորացնում է և մեղք է դարձնում ու ուզում է տապալել: Դրանից մենք, կարելի է ասել, ոչ թե թուլացել ենք, այլ նոկաուտի տակ ենք»: