«Սա թուղթ ու գիր է, սա մեր ապագա բոլոր դժբախտությունների հիմքն է հանդիսանալու». Հրապարակախոսը՝ սահմանադրության նոր նախագծի մասին
«Մենք ուզում ենք սահմանել մեր հարաբերությունները դրսի աշխարհի հետ, մենք պատերազմող երկիր ենք և ընդունում ենք Սահմանադրություն, մեր հարևան պատերազմող մյուս կողմը խրախուսում է բազմազավակ ընտանիքներին, իսկ մեզ մոտ նման խոսք չկա»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնելով՝ ասաց գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ Սահմանադրության մեջ երկրի ապագան է ներկայացվում, քանի որ դա մի ծրագիր է, որով մենք պետք է հասնենք ինչ-որ բանի. «Սա թուղթ ու գիր է, սա մեր ապագա բոլոր դժբախտությունների հիմքն է հանդիսանալու»:
Նա նշեց, որ սահմանադրության այս նոր նախագծով՝ ոչ մի պաշտպանություն չկա բազմազավակ ընտանիքներին, ոչ մի մտահոգություն, թե ինչպես է վերականգնվելու մեր բնակչության քանակը և որակը: Նրա տպավորությամբ՝ երևում է օտարի «չար աչքը».
«Այս տարբերակով մենք տեսնում ենք, որ լինելու է անբան, անմարդաբնակ և անտեր մի հողատարածք, անունն էլ կմնա Հայաստան: Վենետիկն էլ էր հայկական, այսօր ի՞նչ է դարձել՝ մի հակահայկական կենտրոն, որը պարտադրում է մեզ միասեռականությունը, երեխայի իրավունքը և այլն»:
Լ. Ավետիսյանի համար նաև մտահգիչ է Սահմանադրության նախագծի այն դրույթը, որով սահմանվում է, որ բոլոր տարիքի երեխաները կարող են իրենց կարծիքը հայտնել ընտանիքում, դատական, վարչական ատյաններում. «Երեխայի կարծիքը շատ հեշտ է փոխել, նա կարծիք չունի, նա աշխարհայացք չունի: Այստեղ ասում են՝ երկու տարեկան երեխային էլ կոնֆետ կտան, ինքը իր ծնողների դեմ դատարանում ցուցմունք կտա»:
Հրապարակախոսը կարծում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ Սահմանադրության այս «ստոր, հակապետական, հակաազգային» տարբերակը չանցնի: