
Ընդունվել են ԵԱՏՄ անդամակցությունից բխող որոշումներ

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում այսօր կատարել է լրացումներ, որոնք թելադրված են Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում հանքային հումքի տեսակներին և ընդերքին վերաբերող տեղեկատվության՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ոչ անդամ երրորդ երկրներ արտահանելու արտոնագրերի տրամադրման գործընթացը կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ կարգավորվում են այն հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները:
ԵԱՏՄ անդամակցության շրջանակում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետը վերակառուցելու և Մաքսային միության սահմանած պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անհատ սեփականատիրոջից հողամաս ձեռք բերելու համար կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հատկացվել է 16 մլն 800 հազար ՀՀ դրամ:
Նիստում հավանություն է տրվել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով այն համապատասխանեցվում է ԵԱՏՄ և միջազգային ընդունված պահանջներին: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: