Պերմյակովի դատավարությունը բացառիկ զավեշտ էր. ասել, որ ռուս Գիքորը կարոտել էր Չիտան և ուզում էր գնալ տուն, կներեք, վարկած չէ. Ստյոպա Սաֆարյան

«Պերմյակովի դատավարությունը բացառիկ զավեշտ էր՝ այն իմաստով, որ պատրանք է ստեղծվում ՀՀ անկախության: ՀՀ տարածքում դատ է ընթանում, դատարանի անվանումը Հյուսիսային Կովկասի օկրուգ է, դատը ընթանում է ռուսական օրենսդրության սահմաններում, պահանջված պատիժն ուղղակի ծիծաղ է հարուցում, երբ մի ամբողջ ընտանիքի ոչնչացնելու համար 10 տարի պատիժ են սահմանում: Եթե ռուսական կողմը շատ էր ցանկանում որպեսզի կրքեր չլինեին, եթե իսկապես կարծում էին, որ անմարդկային մի արարք է գործվել, այդ գործն ի սկզբանե կհանձնեին հայկական կողմին, դատն էլ կլիներ հայկական, իրենք կարող էին մշտական ներկայություն և վերահսկողություն ունենալ և նման խնդիր չէր լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Նա հիշեցրեց, թե ինչ բարդ տեսություններ, ակնարկներ էին առաջ քաշվում հունվարին տեղի ունեցած դեպքերից հետ. «Ասում էին՝ սա ուղղված է հայ-ռուսական դարավոր բարեկամության դեմ, սա հարված է դրան, սա արևմտյան դավադրություն է, և այլն: Ո՞ւր են այդ տեսությունները: Երբ այդ բոլոր տեսությունները հորինում էին ու փորձում լռեցնել հասարակությանը՝ Արտաքին գործերի նախարարության մակարդակով կոչ անելով՝ խնդիրները չքաղաքականացնել և այլն, և այլն, ակնարկում էին տարատեսակ տարբերակներ, որ Արևմուտքի կազմակերպած հերթական սադրանքն էր՝ հայ-ռուսական հարաբերությունների և ընդհանրապես Ռուսաստանի դեմ: Կներեք, երեկվա հրապարակված ցուցմունքներից դուք որևէ տպավորություն ստացա՞ք: Պարզվեց՝ երիտասարդը շատ անմեղ ցանկություն է ունեցել՝ տուն գնալու, որոշել է ճանապարհին ուղղակի գումար ձեռք բերել՝ ավազակային հարձակման ճանապարհով և վերջ: Մոռացել են ջուր խմելու վկայությունը, որը ժամանակին և՛ փաստաբանները, և՛ այլք ներկայացրին: Պարզվեց՝ սա շարքային մի հանցագործություն է, որը քննվում է 8 ամիս շարունակ»:

168.am-ի այն հարցին, թե այս դատավարությունից հետո ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի վերաբերմունքը Հրաչյա Հարությունյանի գործի նկատմամբ, փորձագետը պատասխանեց. «Հրաչյա Հարությունյանը դիտավորությամբ արարք չի կատարել, իհարկե, որևէ մեկը չի ասում, թե Հրաչյա Հարությունյանի կատարածը հանցագործություն չէ, հանցագործություն է, բայց, կներեք, երկուսը դնել նույն նժարի վրա և մտածել փոխանակման գործընթացի մասին, բացարձակապես կապ չունի արդարադատության հետ:

Այն խնդիրը, որը պետք է լուծեր հայ հասարակությունը, Հրաչյա Հարությունյանի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքն էր, որը չէր ցուվաբերվում Ռուսաստանում և արդար դատավարությունն էր: Մնացածն արդեն Հրաչյա Հարությունյանի խնդիրն է. նա պետք է ապրի իր գործած սխալի, հանցանքի հետ:

Հետևաբար՝ փորձել Ավետիսյանների, և առհասարկ, մեր ժողովրդի արժանապատվության, արյան հաշվին մտածել, որ փոխանակում լինի, բացարձակապես արդարացում չի կարող ունենալ: Պերմյակովը առանձնակի դաժանությամբ սպանել է մի ողջ ընտանիքի, ինչպիսի վարկած էլ որ հրապարակ նետվի: Կրկնում եմ, ես չէմ հավատում այն վկայություններին, որոնք երեկ հրապարակվեցին, դրանք բացարձակապես արժանահավատ չեն, որովհետև բազմաթիվ հակասություններ ստեղծվեցին ընթացքում տված ցուցմունքների միջև:

Մանկահասակ երեխային սպանելը նույնպես չի տեղավորվում դատարանում հրապարակված վարկածի հետ. ինչո՞ւ էր պետք տան ամենակրտսեր, անգիտակից մանկանն ուղղակի դաժանաբար սպանել: Եվ հետևաբար՝ կարծում եմ, որ հայկական կողմը, եթե փոքր ինչ արժանապատվության զգացում ունի, պետք է ուղղակի շարունակի սպանության քննության այլ վարկածների դիտարկումը: Այն, ինչ հրապարակվել է, բացարձակապես համոզիչ չէ:

Հիմա ներկայացվում է, որ ռուսական ռազմաբազայում նրան ոչ ոք չի հալածել, կամ ոչինչ չի եղել, նա ուղղակի ցանկացել է տուն գնալ: Ես երեկ որևէ ցուցմունք չեմ կարդացել և՛ ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակի, և՛ բարքերի, և՛ դրվածքի և ամեն ինչի կապակցությամբ: Հետևաբար՝ այս կտրվածքով, ուղղակի ամեն ինչ դնել Պերմյակովի վրա և ասել, որ ռուս Գիքորը կարոտել էր Չիտան և ուզում էր գնալ տուն, կներեք, սա վարկած չէ»:

Տեսանյութեր

Լրահոս