Վարչապետն ընդունել է «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներ Մհեր Պապյանին և Մաքս Նիլովին:
Հանդիպմանն արծարծվել են Հայաստանի ավիացիայի ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: «Բոինգ» ընկերության ներկայացուցիչները, մասնավորապես, ներկայացրել են մեր երկրի ավիացիայի շուկայի գնահատման և ընդհանուր զարգացումների վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները: Նրանք նշել են, որ ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը դրական ազդեցություն է ունեցել շուկայի զարգացման վրա, և ներկայումս բիզնես միջավայրը նպաստավոր է ոլորտում առաջընթացը խթանելու համար:
Կողմերը քննարկել են Հայաստանի ավիացիայի բնագավառի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին շուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականությանը, թռիչքների ժամկետներին և այլ հարցերի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և խորհրդատվության համար ու կարևորել համագործակցության շարունակումը: