Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Գառնիկ Իսագուլյանին
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ եղել է սահմանադրական բարեփոխումների նախագիծ գրելու որոշակի պատվեր, ու այդ պատվերը կատարվել է:
«Եթե հիշում եք, պարոն Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ բոլոր կարգի խնդիրներն առաջին 10 տարվա ընթացքում պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով, և այս նախագիծն ուղղակի հաստատումն էր այդ խոսքերի: Այսօր տեսնում ենք, որ այդ հայտարարությունը, մեկին՝ մեկ, արտացոլված էր այս նախագծի մեջ: Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների այս տեքստը բացարձակապես չի բխում ոչ հայ ժողովրդի, ոչ պետականության շահերից»,- նշեց Գ. Իսագուլյանը:
Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ շատ լավ ճանաչում է ՀՀ նախագահին, երկար ժամանակ միասին աշխատել են, և ինքը չի կարող ասել, որ «պարոն Սերժ Սարգսյանը լավ չի ընկալում»: Նա վստահ է, որ մեր «վայ գիտնականները» փորձել են «արջի ծառայություն» մատուցել, և, եթե նախագիծը նախագահի կողմից հավանության արժանանա, Գ. Իսագուլյանի խոսքով, դա կնշանակի՝ նրանք կարողացել են շփոթեցնել նախագահին:
Նա տեղեկացրեց, որ ինքը սպասում է նախագահի վերադարձին, որից հետո փորձելու է հանդիպում խնդրել նախագահից և իր բոլոր առարկությունները ներկայացնել նրան:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ այս նախագիծն ավելի շատ հանրապետականների՞ն է ձեռք տալիս, թե՞ Սերժ Սարգսյանին, նա պատասխանեց, որ հանրապետականներին շատ ավելի շատ է ձեռք տալիս:
Լրագրողի ճշտող հարցին՝ ո՞վ է ավելի շատ մտածում վերարտադրման մասին՝ Հանրապետակա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, Գ. Իսագուլյանը պատասխանեց՝ Հանրապետականը:
Հարցին՝ բայց ինչո՞ւ է ավելի շատ ՀՀԿ-ին ձեռք տալիս փոփոխված Սահմանադրությունը, և ոչ թե՝ Սերժ Սարգսյանին, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն վերարտադրման խնդիր ունի: Մեկ այլ ճշտող հարցի էլ, թե՝ Սերժ Սարգսյանը չունի՞ վերարտադրման խնդիր, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Նա հայտարարել է, որ ո՛չ վարչապետ, ո՛չ Ազգային ժողովի նախագահ, և ո՛չ էլ նախագահ դառնալու ցանկություն չունի»:
Հարցին էլ՝ որտե՞ղ եք լսել, որ նախագահն ասել է, թե ԱԺ նախագահ դառնալու ցանկություն չունի, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Ես անձամբ լսել եմ, նաև զրուցել եմ նրա հետ»: