«Դուք լա՞վ եք պատկերացնում՝ Էջմիածնում երկու միասեռականներ ամուսնանան». Գ. Եղիազարյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, որ Սահմանադրության բարեփոխման նախագիծն «առաջ տանող» ծրագիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է Հայաստանում ոչնչացնել ընտանիքը՝ որպես այդպիսին:
«Եթե նույնիսկ լավագույն Սահմանադրությունը լիներ, որը մեր երկիրը միայն առաջ կմղեր, բավական է նայել 34 և 35 կետերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները և ասել, որ այդ Սահմանադրության մասին չպետք է խոսել: Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է մեր Հայաստանում ոչնչացնել ընտանիքը՝ որպես այդպիսին, դրանք ցանկանում են, որ մենք ընդունենք այն դրույթները, որոնցով ապրում է արևմտյան երկրների մեծամասնությունը: Մենք իրավունք չունենք ընտանիք հասկացողությունը կորցնելու, իրավունք չունենք թույլ տալ, որ միասեռականները մեր երկրում ամուսնանան: Դուք լա՞վ եք պատկերացնում՝ Էջմիածնում երկու միասեռականներ ամուսնանան»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Վենետիկի հանձաժողովը միայն առաջարկներ և գնահատականներ է հնչեցնում, բայց դա վերջնական որոշում չէ, Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը միայն առաջարկում է, բայց նրա խոսքով՝ մինչ այս՝ Վենետիկի հանձնաժողովն ինչ առաջարկել է՝ մենք, այսպես թե այնպես, ընդունել ենք. «Եթե չընդունենք, նրանք այլ միջոցների կդիմեն: Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, մենք չենք ընդունել»:
Գ.Եզիազարյանը հայտարարեց, որ ինքը դեմ է սահմանադրական փոփոխություներին, ըստ նրա՝ ներկայիս Սահմանադրությունը շատ ճկուն և իմաստուն Սահմանադրություն է:
Գ. Եղիազարյանի համոզմամբ՝ նոր Սահմանադրության խնդիր դրվեց, քանի որ «ՀՀԿ-ն պետք է հաստատի իր իշխանությունը և չտա ոչ ոքի»:
Հարցին՝ սա արվում է, որպեսզի ՀՀԿ-ն վերարտադրվի՞, թե՞ Սերժ Սարգսյանը, Գ. Եղիազարյանը պատասխանեց՝ Սերժ Սարգսյանը: