
«Պահանջում եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ՀՀ ԱԺ պատվո մեդալից»

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը:
Ազգային Ժողովի նախագահին առաջարկել եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից, քանի որ նման դիրքորոշում ունեցող և գաղափարներ տարածող գործիչն իրավունք չունի կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, քանի որ նա դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք դեմ են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին, և մեզ համար մեծ ամոթ է, որ նման անձը կրում է օրենսդրի բարձրագույն պարգևը:
Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ սույն պահանջին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ»: Նրա հայտարարության մեջ ասված էր. «Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի , թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ»: