Գերման Ստերլիգովին կարող են ձերբակալել հայկական սահմանը հատելիս. փաստաբան

Գերման Ստերլիգովի նկատմամբ կարող են միջազգային հետախուզում հայտարարել ու ձերբակալել հայկական սահմանին, այդ պատճառով էլ նա չի շտապում վերադառնալ Ռուսաստան, հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում փաստաբանը բացատրել է, թե ինչու Լեռնային Ղարաբաղում գտնվող Ստերլիգովն ընտանիքի հետ չի վերադարձել Ռուսաստան:

«Բանն այն է, որ Գերման Լվովիչը հայկական «Ինտերպոլի» կողմից տեղեկացվել է, որ հնարավոր է՝ խնդիրներ ունենա Հայաստանի ու Ռուսաստանի միջև օդային սահմանը հատելիս: Ռուս սահմանապահները, չնայած նրա նկատմամբ ունեցած հարգանքին՝ որպես ՌԴ քաղաքացի, ստիպված կլինեն նրան ձերբակալել»,- տեղեկացրել է Արթուր Հայրապետովը:

Փաստաբանի խոսքով՝ գործարարը որոշում է կայացրել դեռ ժամանակավորապես չգնալ Ռուսաստան, որպեսզի չձերբակալվի մինչև իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հանգամանքների պարզումը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց Լեռնային Ղարաբաղում վերջինիս գործունեության պատճառով:

Բաքվում հայտարարում են, թե Ստերլիգովն ու նրա ընտանիքը անօրինական ճանապարհով են հատել Ադրբեջանի պետական սահմանը ու գտնվում են «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում»:

Տեսանյութեր

Լրահոս