Որն է Հայաստանի փոքր ու միջին գործարարների ամենամեծ խոչընդոտը
Փոքր ու միջին ձեռնարկատերերի 69%-ը կարծում է, որ զարգացման ամենակարևոր խոչընդոտներից մեկը Հայաստանում ֆինանսների անհասանելիությունն է: ՓՄՁ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացրել է Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը, որը սեպտմբերին լուրջ քննարկման կներկայացնի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց նախագահ Գագիկ Մակարյանը, մի կողմից կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, որ ՓՄՁ-ն զարգանա, բայց մյուս կողմից ֆինանսներ չեն ապահովում, որ ձեռնարկությունները շնչեն ու թափ հավաքեն:
Ըստ նրա՝ ՓՄՁ-ների մոտ 45%-ը անբավարար է գնահատում կառավարության կողմից վարվող քաղաքականությունն այս ոլորտում. «ՓՄՁ-ների մեծ մասը հարկային բեռը, բյուրոկրատիան, օրենքների հաճախակի փոխվելը, ստուգումները համարել էր հիմնական խոչընդոտները: 53%-ն էլ գտնում է, որ իր հիմնական խոչընդոտը վարկերի, դրանց բարձր տոկոսների հետ կապված խնդրներն են: Հարցվողների կեսից ավելի ահազանգում է առևտրի ոլորտում անկման մասին: Դրա ապացույցը նաև այն է, որ անընդհատ փակվում են ձեռնարկությունները, դրանց թիվը պակասել է, չեն դիմանում: Այս բոլորը շատ զգուշացնող է և շատ կրիտիկական իրավիճակ է առաջացրել»: