Մեծ Սարիար գյուղի բնակչուհին մեղադրվում է նորածին երեխային շնչահեղձ անելով սպանելու մեջ. գործը դատարանում է
Նորածին երեխային սպանելու մեջ մեղադրվող կնոջ վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Աշոտ Մանուկյանին:
Քրեական գործի շրջանակներում Ի. Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թվականի մարտի 23-ին, ժամը 06:30-ի սահմաններում Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի իրենց տանը լինելով մենակ, ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին, նույն օրը՝ ժամը 8-ի սահմաններում, ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը` բերանի և քթի մասով հենելով իր բազուկին, նախաբազկով սեղմել է այն և փակելով շնչուղիները` շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը: Նշենք, որ այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: