Բաժիններ՝

Հայաստանը լավագույն ձևով ընդօրինակում է Հունաստանին

 

Հայաստանն իսկապես հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, դա են վկայում ցուցանիշները՝ տնտեսական ակտիվությունը, առևտրի ծավալների նազումը, ներդրումների հետ կապված խնդիրները, որոնք խիստ անհանգստացնող են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում շարունակվում են արտաքին բացասական ազդակները՝ Ռուսաստանում պաշտոնապես հայտարարում են, որ իրենց մոտ դեռևս 2-3 տարի կշարունակվեն ռեցեսիոն պրոցեսները, ինչը նշանակում է, որ ՌԴ-ի հետ կապված Հայաստանի ակնկալիքները շուտ չեն իրականանա. «ՌԴ-ում կենսամակարդակի ու եկամուտների նվազման միտումները շարունակվում են, դա էլ մեզ հետ առնչվում է տրանսֆերտների նվազման տեսքով: Նաև միջազգային շուկայում նավթի ու պղնձի գներն են ընկել, ինչը մեզ համար խնդիր է արտարժույթի մուտքերի առումով: Կարծես, վիճակի լավացման միտումները, որ կային 1-2 ամիս առաջ, հատկապես ՌԴ հետ կապված, դրանք իրականություն չեն դառնում: Գյուղատնտեսական այս ակտիվ շրջանից հետո վիճակը միանգամից կբարդանա»:

Վ.Խաչատրյանը նշեց, որ չի երևում, թե կառավարությունն ինչ է ուզում անել այս վիճակից դուրս գալու համար. «Բացի մի գործընթացից՝ վարկեր վերցնելուց, մնացած որևէ այլ ծրագիր կամ նախաձեռնություն ես չեմ տեսնում: Այսինքն՝ ճգնաժամից դուրս գալու քայլեր չեմ տեսնում, որ կատարվում են կառավարության կողմից: Իսկ դեմոգրաֆիական խնդիրն իրեն արդեն զգացնել է տալիս, շատ մտահոգիչ է բոլոր ոլորտներում՝ առողջապահության, սպառողկան շուկայի, պահանջարկի նվազումը: Սա պետք է անհանգստացնի, բայց իրենց համար մի խնդիր կա՝ բյուջեի ֆինանսների հարցը, որովհետև եկամուտները պակասում են, լրացուցիչ եկամուտների աղբյուր չունեն, հույսն արտաքին պարտք վերցնելն է, որը կործանարար է և հիշեցնում է արտաքին պարտքի հետ կապված այն ճանապարհը, որ անցել է Հունաստանը և որի ականատեսը եղանք վերջին 3 տարում: ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները, որ ներկայացնում էին, ասում էինք, որ դրանք իրականության հետ կապ չունեն, ու այդ իմիտացիաների հետևանքով հայտնվել ենք լրջագույն խնդրի առջև: Այսօր Հայաստանը լավագույն ձևով ընդօրինակում է Հունաստանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս