65-ամյա թոշակառու բռնցքամարտիկը ձեռնոց է նետել աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին
Ծանր քաշային կարգում բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Լարրի Հոլմսը մարտի է հրավիրել ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին: Այդ մասին հաղորդում է Boxing News Online-ը:
«Ես 65 տարեկան եմ և ես ինձ հաշիվ տալիս եմ, երբ ասում եմ, որ կարող եմ նրա հետ մենամարտել տիտղոսի համար: Կլիչկոն ինձ համար վտանգ չի ներկայացնում: Տվեք ինձ 6 ամիս, որպեսզի ես լավ մարզավիճակի հասնեմ»,- հայտարարել է ամերիկացին:
Հոլմսն ընդգծել է, որ իր ակտիվ կարիերայի ժամանակ Կլիչկոն և այսօրվա մյուս բռնցքամարտիկները «ողջ չէին մնա», բայց նրանց հաջողություն է մաղթել իրենց գործում:
Անցյալ դարի 80-ական թվականներին ամերիկացուն էին պատկանում WBC և IBF վարկածներով տիտղոսները: 1982թ. The Ring հեղինակավոր ամսագիրը նրան է շնորհել «Տարվա բռնցքամարտիկ» մրցանակը: 1973-2002թթ. Հոլմսն անցկացրել է 75 մենամարտ, որոնցում տարել է 69 հաղթանակ (44-ը՝ նոկաուտով), որոնց թվում՝ նաև Մուհամեդ Ալիի նկատմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը