Առաջիկայում ևս Մինսկի խումբը Ղարաբաղում բեկում չի արձանագրի. Լուկիանով
«ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է չեզոքացնել հակամարտության գոտում հնարավոր լարվածության նոր ալիքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» պարբերականի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան, ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրավիճակին և կարգավորման բանակցություններին:
Նախ, խոսելով հակամարտության գոտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր Ռուսաստանի վարած քաղաքականությունից` պնդեց, որ Ռուսաստանի համար կարևոր են հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:
Ըստ նրա` թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ավելի հեռանկարային հարաբերություններ հաստատելու հարցում, ինչը ստիպում է ռուսական կողմին հակամարտության գոտում վարել հավասարակշիռ քաղաքականություն, զենք վաճառել երկու կողմերին էլ՝ մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ Ռուսաստանի համար կարևորվել են հետխորհրդային, հատկապես՝ հարավկովկասյան, բոլոր երկրների հետ հարաբերությունները՝ որպես այլընտրանքային՝ Ուկրաինայի և Արևմուտքի հետ հարաբերություններին:
Թեև, ըստ փորձագետի, ուկրաինական զարգացումները վախեցրել են ՌԴ բոլոր գործընկերներին, նույնիսկ ռազմավարական: Սակայն, նրա պարզաբանմամբ, ՌԴ-ն չի ակնկալում Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությունը, թեև Ադրբեջանի ցանկության դեպքում դա հնարավոր կլիներ: Ռուսաստանցի գործիչն ակնարկեց, որ չպետք է կարծել, թե Ադրբեջանի ԵՏՄ անդամակցության դիմաց ԼՂ հակամարտության կարգավորման առումով լինելու են հօգուտ Ադրբեջանի որոշումներ և լուծումներ:
«Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ վստահությամբ նշել, որ հակամարտության կարգավորման հարցում բեկում ակնկալել պետք չէ: Ռուսաստանին էլ այսօր ձեռնտու է ղարաբաղյան ստատուս-քվոն»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը: Վերջինիս համոզմամբ` դա ձեռնտու է նաև մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, թեև համանախագահ երկրները փորձում են երկխոսություն բարձրացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Նրա վստահեցմամբ` դա արվում է ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին նախորդ տարվա օգոստոսի նման լարված զարգացումների կրկնությունը չեզոքացնելու նպատակով: Իսկ երկխոսությունը, Լուկիանովի կարծիքով, կօգնի կողմերին թուլացնել սահմանային լարվածությունը:
«Իսկ կարգավորումից կողմերը շատ ավելի հեռու են: Ներկայումս առաջնայինը հնարավոր լարվածությունների չեզոքացումն է և լարվածության նոր ալիքներ թույլ չտալը»,- նկատեց նա` այս նպատակով պայմանավորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները: Հիշեցնենք, որ բոլոր այս դիվանագետները խոսել էին ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման անթույլատրելիության, կողմերի ստանձնած պարտավորությունների շուրջ: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նույնիսկ հղում էր կատարել Մադրիդյան սկզբունքներին: