Եթե Մինսկի խմբում կա Մոսկվան, ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի. Պիոնտկովսկի
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքագետ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով «ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և հակամարտությունը շուտափույթ կարգավորելու՝ դիվանագետների կոչերին, Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպմանը:
Նա նշեց, որ արևմտյան դիվանագետները կարող են բազում հայտարարություններով հանդես գալ, կողմերին կարգավորման կոչ անել, նույնիսկ Ալիևն ու Սարգսյանը գուցե ցանկանան կարգավորել կամ հանդիպել, սակայն Մոսկվան է որոշում, թե հակամարտությունը երբ ինչ ընթացք ստանա: Ըստ նրա՝ Մոսկվան է բարձրացնում կամ իջեցնում լարվածության մակարդակը հակամարտող Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Դա Մոսկվայի ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝ բոլոր երկրների նկատմամբ ազդեցությունը պահելու նպատակով: Մոսկվան նույն այդ քաղաքականությունը կիրառում է հետսովետական մյուս երկրների նկատմամբ: Վլադիմիր Պուտինը դա չի փորձում նույնիսկ թաքցնել: Ռուսաստանը Հայաստանին շարունակաբար թուլացնում է, խոցելի դարձնում, հակամարտության չկարգավորմամբ Հայաստանին ցույց է տալիս, որ առանց ՌԴ-ի չի կարող լինել կարգավորում: Ինչ էլ որ հայտարարեն օտարերկրյա դեսպանները, եթե ՌԴ-ն Մինսկի խմբում է, անելու է ամեն բան հակամարտության չկարգավորման համար, քանի որ ներկայումս հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Մոսկվային»,- ասաց Անդրեյ Պիոնտկովսկին՝ շարունակելով, որ Մոսկվայի այդ քաղաքականությունը կփոխվի, երբ իշխանության ղեկը հայտնվի լիբերալ ուժերի ձեռքին: Նա չի բացառում, որ Մոսկվան առաջիկայում ևս լարի իրավիճակը հակամարտության գոտում, քանի որ դրանով նա իրականացնում է իր չորրորդ համաշխարհային պատերազմի և «Ռուսական աշխարհի» ծրագրերը: Պիոնտկովսկու համոզմամբ` Ուկրաինան դարձել է Արևմուտք-Ռուսաստան ուղիղ հակամարտության հարթակ, այնինչ ղարաբաղյան հակամարտությունն այդպիսին չէ և հարմար է ռազմական սադրանքների համար: Նրա կարծիքով` Արևմուտքը պետք է ավելի ակտիվ լինի պարզապես: