«Սիրիահայերը հայրենիքում հիմնականում աշխատանքի կարիք ունեն»

Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Հալեպի շուկայում է գտնվում «Հալեպի սենդվիչները» կոչվող սննդի կետը: Հալեպում 15 տարի նույն գործի վարպետ Վահրամ Տեր-Օհանյանն արդեն 5 ամիս երևանցիներին առաջարկում է իր ձեռքով պատրաստած համեղ ուտեստները:
Մեզ հետ զրույցում Վ. Տեր-Օհանյանն ասաց, որ Հայաստանից գոհ է, լավ երկիր է, միայն աշխատանքի դժվարություններ կան.

«Սիրիայում լավ էր, բայց ուրախ եմ, որ Հայաստան եկա: Առաջ մտածում էի՝ մի օր կգնամ Հայաստան, բայց պատերազմը ստիպեց գալ, ու հիմա հետ գնալ չեմ ուզում: Այստեղ եկել եմ ընտանիքիս հետ: Սկզբնական շրջանում մի քիչ դժվարություններ եղան, հետո կամաց-կամաց կարգավորվեց ամեն ինչ: Սկզբում հաճախորդներս հիմնականում սիրիահայերն էին, որովհետև Հալեպում էլ նույն գործն էի անում, և ինձ ճանաչում էին, բայց հիմա տեղացիներն էլ են շատ գալիս: Հաճախորդներս շատ են սիրում սիրիական սուջուխ, շիշթաուք, մեքսիկանո, համուս և այլն: Գները 250-ից մինչև 700 դրամ են: Մարդիկ սկզբում ասում էին՝ թանկ է, բայց երբ համտեսում էին, նորից էին գալիս. հիմա հաճախորդի պակաս չունեմ»:

Նույն շուկայում վարսավիրական ծառայություններ է առաջարկում 21-ամյա Գևորգ Սուքիասյանը, ով արդեն երկու տարի հայրենիքում է.

«Տարբեր տեղերում եմ աշխատել՝ իմ գործով, հետո արդեն առանձին վարսավիրանոց բացեցի: Հայաստանում ավելի լավ է, քանի որ հարազատներս այստեղ են, կողքիս են: Սիրիայում մինչև պատերազմը շատ լավ էր. աշխատում էինք, տուն-տեղ ունեինք, օբյեկտ ունեինք, մեքենա, ամեն բան ունեինք: Ոչ մի բան պակաս չէր: Այստեղ պակաս բաներ ունենք և փորձում ենք լրացնել: Արդեն երկու ամիս է՝ վարսավիրանոցը բացել եմ, հաճախորդներս հիմնականում սիրիահայերն են, բայց կամաց-կամաց սկսում են տեղացիներն էլ գալ: Սիրիահայերը հիմնականում աշխատանքի կարիք ունեն: Պետությունից աջակցություն չենք ստանում»:

Բոլոր սիրիահայերի հիմնական դժգոհությունը կապված էր գործազրկության հետ: Շատերն ասում էին, որ այնտեղի իրենց հարազատները հայրենիք չեն գալիս հենց այդ պատճառով:
Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութը՝ Անի Քեշիշյանի

Տեսանյութեր

Լրահոս