Գողական աշխարհում ամեն օր նոր պատերազմի են սպասում. PrimeCrime
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, Հունաստանում ձևավորվել է «օրենքով գողերի» հզոր կոալիցիա, որոնք գոհ չեն թիվ 1 քրեական հեղինակություն համարվող Զախարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) գործողություններից։ Համարվում է, որ Շաքրոն խախտել է գողական կլանների հակամարտությունների ընթացքում իր չեզոքությունը և դրա հետևանքով՝ կորցրել բոլորի կողմից ընդունված՝ «արբիտրի» կարգավիճակը, որը նրա համար հատուկ լիազորություններ էր ապահովում։ Շաքրոյից դժգոհ գողական կլանները միավորել է օրերս ազատության մեջ հայտնված Լաշա Շուշանաշվիլին, ով ցանկանում է բաց հակամարտության մեջ մտնել իր մրցակցի հետ։
2006 թվականին Շաքրոյի ձերբակալությունից հետո հենց Շուշանաշվիլին դարձավ նրա ժառանգորդը և սկսեց զբաղվել բոլոր գործերով։ 2008թ. գողական կլանների հակամարտության նախօրեին Լաշան առաջին դեմք էր հանդիսանում Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանում։ Ինքը՝ Դեդ Հասանը, սեփական կամքով դիրքավորվում էր՝ որպես հանգստի անցած թոշակառու, իսկ Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) արդեն ոչ մի բանի վրա չէր ազդում։
Հետո տեղի ունեցավ միջադեպ Լաշայի և քութաիսցի Գուրամ Չիկաբերիձեի միջև, որտեղ Լաշան դիմեց բռունցքների օգնությանը և ծեծի ենթարկեց տարեց Չիկաբերիձեին։ Դա առիթ հանդիսացավ, որպեսզի մայրաքաղաքի շրջանում անցկացվի խոշորագույն գողական հավաքը (այն տեղի էր ունենում Պիրոգովյան ջրամբարի տարածքում)։ Ինչպես հայտնի է, դեդական կլանի ներկայացուցիչների փոխարեն՝ հավաքի վայր ժամանեցին ՆԳՆ օպերատիվ աշխատակիցները՝ Հատուկ նշանակության ջոկատի մարտիկների ուղեկցությամբ։ Դրան հետևած օպերատիվ միջոցառումների արդյունքում քութաիսյան-սուխումյան «եղբայրության» մի քանի երևելի դեմքեր՝ Տարիել Օնիանիի գլխավորությամբ, մի քանի տարով հայտնվեցին ճաղերի ետևում։ Իսկ «ընդդիմության» մյուս լիդերները, այդ թվում՝ Մերաբ Ջանգվելաձեն, Թամազ Կորոշինաձեն և Գիվի Գորդելաձեն, շատ արագ լքեցին երկիրը։
Թվացյալ հավասարակշռությունը վերականգնվեց «թոշակառուներին» կրնկակոխ հետևող Լաշա Շուշանաշվիլիի արտաքսմամբ, որին զրկեցին ՌԴ քաղաքացիությունից և արգելեցին մուտքը Ռուսաստանի տարածք։ Լաշան մեկնեց Հունաստան, որտեղ «տիրություն էր անում» նրա մտերիմ ընկերը՝ «օրենքով գող» Լավրենտի Չոլակիդիսը (ով մահացավ 2010 թվականին)։ Չոլակիդիսի կապերը չփրկեցին Լաշային արդարադատությունից, և 3 տարի անց Լաշան դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ Ընդ որում, կարծիքներ կան, որ այդ ազատազրկումն ու վաղաժամկետ ազատումը Շուշանաշվիլիի կողմից մտածված խորամանկ մանևր էր։ Այդ քայլով Շուշանաշվիլին կարողացավ խույս տալ Իսպանիա արտաքսվելուց, որտեղ հետախուզման մեջ էր։
Այն ժամանակահատվածում, երբ Շաքրոն գլխավորեց գողական աշխարհի «կենտրոնական գրասենյակը», նրա քաղաքականությունից դժգոհ քրեական հեղինակությունների թիվը կտրուկ աճեց։ Շատերի համար անսպասելի էր, որ Շաքրոն չշարունակեց Հասանի որդեգրած ուղին՝ այլախոհներին ճանապարհից հեռացնել գողական աշխարհին ոչ հարիր մեթոդներով։ Շաքրոն չէր թաքցնում իր համակրանքը Բադրիի նկատմամբ, անվերապահորեն «օրենքով գող» էր ճանաչում Մերաբին, Տարիելին և Ռովշանին և չեղյալ համարում նրանց նկատմամբ հեռակա կարգով ընդունված որոշումները։ Այսպիսով, Շաքրոն անհարմար վիճակի մեջ դրեց Դեդ Հասանի մարիոնետներին, ովքեր ժամանակին հավանության էին արժանացնում նրա բոլոր ոչ միանշանակ որոշումները, իսկ այժմ ստիպված էին անձամբ պատասխան տալ այդ որոշումների համար։ Չար լեզուներն ասում էին, որ Շաքրոն այդկերպ իր ճանապարհն էր հարթում, ու, եթե անգամ դա այդպես է, ապա ուներ դրա բոլոր հիմքերը։ Իրոք, Շաքրոյի «գահակալության» օրոք շեշտակի աճեց նրա հարազատների՝ Օզմանովների ազդեցությունը, որոնք նախկինում այդպիսի կշիռ չունեին։ Խոսքը վերաբերում է հատկապես Դաթո Կրասնոդարսկիին, ում տարածքային հավակնությունները, ինչպես երևում է, միայն Կուբանով չեն սահմանափակվի։
Ոչ կովկասյան ծագման քիչ թվով «օրենքով գողերից» Շաքրոն սկսեց տեղ տալ Շիշկանին և Պետրիկին, ովքեր Հասանի ժամանակ ստվերից դուրս չէին գալիս՝ Ռուդիկի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Իսկ Շաքրոյի ուշադրությունից դուրս մնացած սլավոնական «օրենքով գողերը»՝ Պիչուգան, Վոսկրեսը և Չեբուրաշկան, կիսում են «ընդդիմության» դժգոհությունները, և մնալով Ռուսաստանում՝ «5-րդ շարասյուն» են ձևավորում թշնամու թիկունքում։
Դժգոհությունների վրա ազդող ոչ պակաս կարևոր գործոն էր նաև այն, որ Շաքրոն պաշտպանեց Կախա Պարպալիային, ում ժամանակին համառորեն հրավիրում էին Թուրքիա՝ պատասխան տալու քրեական հեղինակություն Ռոլանդին ծեծի ենթարկելու համար։ Ադ միջադեպին խառնված էր նաև Պաատա Մալենկին, ինչի պատճառով Կախայի հետ հաշիվները պարզելուն սպասում էին քրեական աշխարհի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ռոբինզոնը և Գիյա Դլիննին։ Հասկանալով, որ ստեղծված իրավիճակում հակառակորդների հետ պայքարը կարող է տանուլ տալ՝ Կախան «զինվորական» պատճառներով խուսափում է Թուրքիա մեկնելուց։ Իսկ Շաքրոն նրան պաշտպանում է ամեն տեսակի հարձակումներից և փորձում է հետաձգել տհաճ խոսակցությունը՝ առանց հաշվի առնելու Թուրքիայում սպասողների հեղինակությունը։
Շաքրոն իր դեմ լարել է նաև քրեական հեղինակությունների «հունական մասնաճյուղին»՝ սառը վերաբերմունք ցուցաբերելով դրա առաջնորդներ Դաթո Սեբիսկվերաձեի և Վաժա Բիգանիշվիլիի նկատմամբ։ Այս համայնքին սկսել է հարել նաև Մերաբ Մզարելուան, ով Հասանի լուռ համաձայնությամբ և հատկապես նրա մահվանից հետո իրեն շատ մեծ հեղինակություն էր զգում, և մասնակցել է շատ քայլերի, որոնց համար այժմ չէր ցանկանա պատասխան տալ Շաքրոյի և մյուսների առաջ։ Բարիկադների այս կողմն է անցել նաև Ռովշանի ոխերիմ թշնամի Գուլին։ Հավանական է (թեպետ հստակ ասել չի կարելի), որ այս խմբին միանա նաև դեդական կլանի հայտնի ներկայացուցիչ Գելա Կարդավան, ումից երես էր թեքել անգամ իր աները։
Այս կազմը վերջին տարիներին գողական կոչումներ է բաժանել բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին իրենց ձայն տալ, Շաքրոյի պոտենցիալ հակառակորդների թիվը կարող է տպավորել։
Այնպես որ, գողական աշխարհում ամեն պահի սպասում են պատերազմի մասին հայտարարության։
Լուսանկարում՝ Շաքրո Մոլոդոյը և Լաշա Շուշանաշվիլին
Ըստ «Прайм Крайм»-ի