Ինչու է վաճառվում «Օրանժ Արմենիա»-ն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Այդ մասին հաղորդագրություն էր տարածել «Յուքոմ» ընկերությունը՝ իր պաշտոնական կայքում՝ նշելով, որ արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ։
Թեմայի շուրջ այսօր լրագրողների հարցերին է պատասխանել «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրենսիս Ժելիբտերը: Անդրադառնալով գլխավոր հարցին՝ ընկերությունը վաճառելու պատճառներին՝ Ժելիբտերը հերքել է, որ այդ քայլը կապված է քաղաքականության և, մասնավորապես, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ։
«Ընկերությունը մեզ գործարք է առաջարկել՝ ցանկանալով ընդլայնել իր բիզնեսը, և մենք համաձայնել ենք»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի տնօրենը՝ նշելով, որ հաշվի առնելով գործընկերների ծառայությունների որակը՝ դա բխում է իրենց բաժանորդների շահերից։
Որպես «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի գլխավոր պատճառ Ժելիբտերը նշել է ֆինանսական կողմը և համեմատության համար նշել, որ եթե ԱՊՀ երկրներում շուկայի մեծ մասն իրենցն է, ապա այստեղ իրենք գրավում են ընդամենը 17-18 տոկոսը։
Գործարքի արժեքը առայժմ չի նշվում։