Ինչո՞ւ են զբոսաշրջիկները նախընտրում Արցախը
«Առաջին անգամ եմ գտնվում Արցախում: Ես շատ բան չգիտեի Արցախի պատմության մասին»,- Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, «Արցախպրես»-ի թղթակիցի հետ այսօր կայացած զրույցում նման խոստովանություն է արել ճապոնացի զբոսաշրջիկ, լուսանկարիչ Թայ Ուենոն:
«Շատ հետաքրքիր վայր է Արցախը։ Այստեղ գտնվելու իմ հիմնական նպատակը Արցախի պատմությանը, մշակույթին ծանոթանալն է և նրա բնակիչներին ճանաչելը: Միայն Ստեփանակերտում եմ եղել և այստեղ ամեն ինչ ինձ դուր է եկել: Համտեսել եմ արցախյան ժենգյալով հացը, որը շատ համեղ էր»,-նշել է Թ. Ուենոնը և հավելել, որ անպայման նորից կայցելի Արցախ՝ այս անգամ երկար ժամանակով, որպեսզի կարողանա այցելել բոլոր տեսարժան վայրերը:
Իտալիայից ժամանած զբոսաշրջիկ Դումինկո Մարկաչին, ով նույնպես առաջին անգամ է Արցախում նշել է.
«Կարծում եմ, որ շատ հարուստ մշակույթ ունեք, որը զարգացրել եք դարեր շարունակ։ Վատ ժամանակներ են եղել Արցախի համար, որի բնակիչները կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները և վերականգնել իրենց երկիրը պատերազմից հետո»: Դումինկո Մարկաչինի խոսքով՝ իր այցի գլխավոր նպատակն Արցախը տեսնելն ու խորապես ճանաչելն է, քանի որ, մինչ այժմ լիարժեք պատկերացում չի ունեցել Արցախի մասին:
«Արցախի պատմաերկրագիտական թանգարանը շատ հետաքրքիր էր: Գիտաշխատողը շատ հետաքրքիր ու բովանդակալից ներկայացրեց Արցախի պատմությունը»,- գոհունակությամբ նշել է իտալացի զբոսաշրջիկը և հավելել, որ իրեն շատ է հուզել հատկապես հոգևոր մշակույթը և մարդկանց հյուրասիրությունը:
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանի խոսքով ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին թանգարանն ունեցել է 6115 այցելու, այդ թվում 1095-ը արտերկրից: Ի դեպ, թանգարանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցել է 6000 այցելու, որից 1657-ը՝ արտերկրից: «Այցելուներ ունենք աշխարհի տարբեր վայրերից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Աֆրիկայից, Ճապոնիայից: Մեծ է նաև սփյուռքահայերի հոսքը»,-ասել է Մ. Բալայանը:
Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ այցելուների մեծ մասի նպատակն Արցախը տեսնելն ու ճանաչելն է: «Սակայն քիչ չեն դիվանագիտական, քաղաքական, ինչպես նաև արցախյան հիմնախնդրին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանողների թիվը»,- նկատել է Մ. Բալայանը՝ հավելելով, որ ինչպես զբոսաշրջիկներն են խոստովանում իրենք փորձում են իրականության մասին օբյեկտիվ ու ճշմարիտ տեղեկություններ ստանալ տեղում:
«Արահետ թրավել» ՍՊԸ հոգևոր զբոսաշրջային ընկերության է քսուրսավար Լիլիթ Սարգսյանը նշել է, որ շատ հաճախ է օտարերկրացի զբոսաշրջիկների ուղեկցում Արցախ: «Զբաղվում ենք հիմնականում հոգևոր զբոսաշրջությամբ և որպես ուխտավայր Արցախն առաջիններից է մեր երթուղում: Այս անգամ 10-15 հոգի են ընդգրկված մեր խմբում՝ հիմնականում իտալացիներ: Շատերն առաջին անգամ են Արցախում:
Մեր երկրի մասին նրանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու և իրականությունը ներկայացնելու առումով շատ կարևոր է համակողմանի տեղեկատվության մատուցումը, ինչի համար էլ էքսկուրսիան սկսեցինք պատմաերկրագիտական թանգարանից, որի ցուցանմուշները կօգնեն ավելի լավ ճանաչել Արցախն ու նրա պատմությունը »,- նշել է էքսկուրսավարուհին և ավելացրել, որ երկօրյա այցի ընթացքում կլինեն նաև Շուշիում, Գանձասարում, Ամարասում ու Դադիվանքում: