Եթե թեստը չափից շատ բան է ուզում, ապա պետք է հրաժարվել, քանի որ դա կարող է հաքերային խայծ լինել. Սամվել Մարտիրոսյանը՝ ֆեյսբուքում տարածված թեստերի մասին
Վերջին շրջանում ֆեյսբուքը ողողված է տարբեր տեսակի հավելվածներով: Հատկապես ակտուալ են թեստերը. մարդիկ ցանկանում են իմանալ՝ ե՞րբ են մահանալու, ո՞ւմ հետ են ամուսնանալու, քանի՞ երեխա են ունենալու, և այլն, և այլն:
Թեստերի մեծ մասը պահանջում է բաց պրոֆիլ, անձնական տվյալներ և այլն: Ի՞նչ անել. տա՞լ համաձայնություն, թե՞, այնուամենայնիվ, զսպել հետաքրքրասիրությունն ու խուսափել դրանից:
Մեզ հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հարցը նույնիսկ միայն թեստերի մեջ չէ, այլ բոլոր ֆեյսբուքյան հավելվածների՝ խաղերի, թեստերի և այլն.
«Սկսելիս մարդ մտնում է մի էջ, որտեղ հավելվածը թույլտվություններ է ուզում՝ թե ինչ կկարողանա անել պրոֆիլի հետ։ Դա պետք է ուշադիր կարդալ։ Եթե թեստը չափից շատ բան է ուզում, օրինակ, մեր անունից նամակ գրել, ապա պետք է հրաժարվել, քանի որ դա կարող է հաքերային խայծ լինել։ Եթե զուտ պրոֆիլի բաց տվյալներն է ուզում, ապա վտանգ չկա: Իմիջիայլոց՝ նույնը վերաբերում է հեռախոսային հավելվածներին։ Եթե պարզունակ խաղը պահանջում է մուտք, օրինակ, դեպի ձեր SMS-ները, հրաժարվելը ճիշտ է»: