Ինչի՞ համար է Արա Բուդաղյանը գումար տվել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալին. պարզաբանում է փաստաբանը
ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր քննել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը՝ Ա. Բուդաղյանին կալանավորելու որոշման դեմ: Փաստաբանը դատական նիստի ավարտից հետո ասաց, որ իր կողմից ներկայացվել է բողոքը, դատարանը նաև լսել է քննիչի և դատախազի առարկությունները:
«Բավականին սուր դատավարություն տեղի ունեցավ, դատարանը որոշեց ավարտել դատաքննությունը և հեռացավ դատական ակտ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի վաղը»,- ասաց նա:
Փաստաբանն ասաց, որ քննիչը փորձում էր բացառապես իր ենթադրությունների հիման վրա վարկած կառուցել:
«Օրինակ՝ ասում է՝ Հենրիկի և Վիտալիի (խսքը գործով մյուս երկու մեղադրյալների՝ Հենրիկ Ավագյանի և Վիտալի Մինասյանի մասին է.- Օ.Հ.) միջև խոսակցություն է գնում ինչ-որ Սուրենի որդու մասին, ասում է՝ ենթադրում ենք, որ դա քողարկված խոսակցություն է Սուրիկ Խաչատրյանի դեպքի վերաբերյալ:
Լավ, հետո Հենրիկն ու Վիտալին խոսում են, որ ինչ-որ մեկը գտնվում է Ստեփանակերտում, նրա հետ կխոսեն, այդ ինչ-որ մեկից գումար պիտի վերցնեն: Մենք ցույց ենք տալիս, որ այդ ժամանակ Արա Բուդաղյանը Ստեփանակերտում չէր գտնվում, Գորիսում էր գտնվում:
Քննիչն ասում է՝ դե, մենք ենթադրում ենք, որ որպեսզի Վիտալին իր խոսքերին ծանր կշիռ հաղորդի, Արա Բուդաղյանի մասին խոսելիս՝ ներկայացնում է, իբր Արա Բուդաղյանը գտնվում է Ստեփանակերտում:
Մենք ասում ենք՝ ինչի՞ց է ինքը ենթադրում, ոչ մի բանից: Տեսեք՝ մենք ասում ենք՝ Արա Բուդաղյանը Ստեփանակերտում չէր գտնվում, այսինքն՝ Արա Բուդաղյանը չէր կարող լինել այդ խոսակցության օբյեկտը: Ասում է՝ դե, մենք ենթադրում ենք, որ էլի Արա Բուդաղյանի մասին է խոսակցությունը, բայց Ստեփանակերտում գտնվելը հենց այնպես Վիտալին իրենից հորինել է, որպեսզի իր խոսքերին ծանր կշիռ հաղորդի: Լավ: Դա էլ ենթադրեցինք:
Խոսակցության մեջ Հենրիկն ու Վիտալին խոսում են ինչ-որ մեկից գումար վերցնելու մասին, այնինչ հետո, երբ Վիտալին զանգում է Արա Բուդաղյանին, Արա Բուդաղյանի հետ խոսում է Արային գումար վերադարձնելու մասին: Այսինքն՝ Հենրիկն ու Վիտալին քննարկում են ինչ-որ մեկին, ումից գումար պիտի վերցնեն, իսկ երբ Վիտալին խոսում է Արայի հետ, խոսում է գումար վերադարձնելու մասին:
Մինչ այդ Արան սպառիչ պարզաբանել էր այդ պատմությունը, որ Վիտալին մոր ծնունդի՝ 60-ամյակի հետ կապված, 200 հազար դրամ վերցրել էր իրենից, և Վիտալիի ու Արայի խոսակցությունն այն մասին է, որ Վիտալին այդ գումարը պիտի վերադարձնի Արային: Խնդրում է ամսվա վերջ վերադարձնել, Արան էլ ասում է՝ կլինի, բայց շատ չուշացնես:
Ակնհայտ երևում է, որ Վիտալիի ու Հենրիկի խոսակցության մեջ հիշատակվող անձի մասին, որի անունը չեն տալիս, խոսում են այն իմաստով, որ այդ անձից գումար վերցնեն, իսկ երբ Վիտալին Արայի հետ է խոսում, խոսում է այն պարտք վերցրած գումարը հետ վերադարձնելու մասին: Այսինքն՝ էլի պարզ երևում է, որ Վիտալիի ու Հենրիկի խոսակցության մեջ հիշատակվող մարդը, որի անունը, էլի ասում եմ, չեն տալիս, հաստատ Արան չէ: Բոլորովին ուրիշ մարդու մասին են խոսում, բոլորովին ուրիշ մարդու հետ, պիտի այն մարդու հետ խոսեն, ինչ-որ բան պայմանավորվեն, և այլն:
Հիմա քննիչն ասում է՝ մենք ենթադրում ենք, որ դա է քողարկված. ասում է՝ փող պիտի տա, բայց իրենք քողարկում են, ասում են՝ փող պիտի վերցնենք,- ասաց Հայկ Ալումյանը՝ շարունակելով,- Այսինքն՝ քննիչը մի շղթա է կառուցել՝ 5 կամ 6 օղակից բաղկացած, յուրաքանչյուր օղակն ընդամենն իր սեփական ենթադրությունն է, ինքը չի էլ թաքցնում:
Վիտալիի ու Հենրիկի խոսակցության մեջ խոսք է գնում ոմն Սուրենի որդուն հանձնաժողովի միջոցով բանակից ազատելու մասին: Այդ ինչքան երևակայություն մարդ պետք է ունենա, որ նախ՝ ենթադրի, որ այդ խոսակցության մեջ իրականում ոչ թե Սուրենի տղային բանակից ազատելու մասին է խոսքը, այլ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մասին, երկրորդը՝ դրանից հետո խոսում են ինչ-որ մեկի մասին, ով այդ պահին Ստեփանակերտում է գտնվում, որից պետք է փող վերցնեն. ինչքան երևակայություն պետք է ունենալ, որ ասել՝ այո, թեկուզ Արա Բուդաղյանն այդ ժամանակ Ստեփանակերտում չէր գտնվում, բայց խոսակցությունն Արա Բուդաղյանի մասին է, իսկ Ստեփանակերտի մասին խոսում են, որ իրենց բառերին ծանր կշիռ հաղորդեն, փող վերցնելու փոխարեն էլ՝ տալու մասին են խոսում, որ քողարկեն փող վերցնելը… Այսինքն՝ շղթա է, որի մեջ ոչ մի իրական փաստ չկա, ամբողջը ենթադրություններ են: Եվ այս ենթադրությունների վրա մի վարկած են կառուցել:
Էլի կառուցեին ու անվերջ քննեին իրենց այդ վարկածը: Բայց իրենք այդ վարկածի արդյունքում այսօր մարդուն պահում են կալանքի տակ: Սա է ամբողջը»:
Մեր հարցին՝ արդյոք այդ գաղտնալսումնե՞րն են իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում, Հայկ Ալումյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ քննիչը դա չի էլ թաքցնում:
Հարցին՝ արդյոք ծանո՞թ է մյուս մեղադրյալի ցուցմունքին, նա՞ էլ է նշում, որ գումար վերադարձնելու խնդիր է եղել, Հայկ Ալումյանը պատասխանեց.
«Ես ծանոթ չեմ մյուս մեղադրյալի ցուցմունքին: Ցավոք, ծանոթ չեմ: Բայց եթե մյուս մեղադրյալը հանկարծ այլ բան ասած լիներ, համոզված եղեք, որ այսօր այստեղ քննիչը դա որպես փաստարկ կներկայացներ: Դրանից ելնելով՝ ես ձեզ շատ-շատ մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ այդպիսի ցուցմունք հազիվ թե լինի, որովհետև դա հենց այն էր, ինչ քննիչին այսօր աստեղ շատ կօգներ»:
Հայկ Ալումյանն ասաց, որ, եթե անգամ կասկածներ լինեին անձի՝ հանցագործությանը մասնակցության մասին, դրանք բավարար չեն անձին կալանավորելու համար, իսկ դրա համար հիմքեր են անհրաժեշտ:
«Պիտի հիմքեր լինեն մտածելու, որ եթե այս անձը գործի քննության ընթացքում ազատության մեջ մնա, կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննությանը: Դատարանն այսպիսի հիմքեր գրել է, բայց տակը ոչ մի նյութ չի դրել, այսինքն՝ ինչը դատարանին հիմք տվեց ենթադրելու, որ այս անձը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել քննությունից: Ոչինչ: Միայն այն, որ ինքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ է մեղադրվում:
Այդպես, եթե Հայաստանի 3 մլն բնակչությունից հանենք այն երեխաներին, ովքեր քրեական պատասխանատվության տարիքին դեռ չեն հասել, մնացած յուրաքանչյուրին կարելի է կալանավորել ցանկացած պահի, հերիք է՝ ԱԱԾ-ն ցանկանա: Սա է ամենամեծ խնդիրը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանում հիշատակել է Ժիրայր Սէֆիլյանի գործն ընդդեմ Հայաստանի: Այս դեպքում ևս, ըստ նրա, գործը կարծես թե քննել էր Ազգային անվտանգության ծառայությունը, նա կալանավորվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին խախտող պետություն էր ճանաչել, «որովհետև այդ ամենը նույն արատներով էր արվում, ինչպես և հիմա»:
«Այսինքն՝ միայն մեղադրանքի ծանրությունը բավարար համարեցին, որպեսզի անձին կալանավորեն: Ինքը դեռ մեղավոր չէ, ընդամենը մեղադրվում է, դա բավարար համարեցին: Հիմա ճիշտ նույն արատներով այդ գործն է քննվում:
Մի ասացվածք կա՝ խելացին սովորում է ուրիշի սխալների վրա, ոչ այդքան խելացին իր սխալների վրա է սովորում, իսկ ապուշն անգամ իր սխալների վրա չի սովորում: Հիմա նայեք: Խելացի դատարաններն ուսումնասիրում են Եվրոպական դատարանի՝ ընդդեմ Իսպանիայի, Անգլիայի, Թուրքիայի, Ռուսաստանի վճիռները, նրանց վատ օրինակի վրա սովորում են, որպեսզի չանեն այդ սխալները: Դա կլիներ խելացի դատական համակարգ:
Ոչ այդքան խելացի դատական համակարգը գոնե իր սեփական սխալների վրա կարողանար սովորել՝ օրինակ, Ժիրայր Սէֆիլյանի գործով: Նույն իրավիճակն էր: Սխալվեցին, գոնե պիտի կարողանային իրենց սխալի վրա սովորել: Հիմա ես չեմ ուզում ասել, որ այն երրորդ վիճակի մեջ են մեր դատարանները, որովհետև վերաքննիչ դատարանը դեռ որոշում չի կայացրել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ քննչական որոշ գործողություններ Արա Բուդաղյանի հետ կատարվել են, ոչ մի գործողություն չնչին անգամ չի ավելացրել հիմքեր՝ մտածելու, որ նա կարող է ինչ-որ կապ ունենալ այդ դեպքի հետ: