«Ուորլիքը ոչ մի նոր բան չի ասել, այլ կրկնել է Մադրիդյան սկզբունքների 3 կետերը». Վաղարշակ Հարությունյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, եղել է ի պատասխան լրագրողի հարցի, և պետք է նայել ընդհանուրի մեջ, ոչ թե որպես առանձին հայտարարություն: Այս մասին այսօր ասուլսիի ժամանակ հայտարարեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նրա՝ Ուորլիքը ոչ մի նոր բան չի ասել, այլ կրկնել է Մադրիդյան սկզբունքների 3 կետերը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է վերադարձվեն գրավված տարածքները, տեղակայվեն խաղաղապահ ուժեր և Լեռնային Ղարաբաղը ստանա կարգավիճակ:

ՌԴ ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ պետք է ինտենսիվացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները, Վ.Հարությունյանը նույնպես բնական համարեց՝ նշելով, որ ՌԴ-ն նույնպես համանախագահ է և շահագրգիռ է, որ խնդիրը լուծվի: Նրա խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե ով կմտցնի խաղաղապահ ուժեր. «1994 թ-ին հրադադարի պայմանագիրը ստորագրելուց ՌԴ-ն առաջարկում էր, որ ինքը մտցնի խաղաղապահ ուժեր, բայց Ադրբեջանը չհամաձայնեց»:

Վ.Հարությունյանը նշեց, որ հայկական կողմն էլ է ձգտում հակամարտության վերջնական կարգավորման՝ պահանջելով Ղարաբաղի անկախություն և ցամաքային կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև. «Այսօր նախապայման չկա, որ կլուծվի: Հայկական կողմը համաձայն է կոմպրոմիսի՝ վերադարձնել 6 շրջան: Նման բանի ոչ մի հաղթող պետություն չի համաձայնել նախկինում: Մենք պատրաստ ենք վերադարձնել շրջանները՝ ԼՂ անկախության ու ցամաքային կապի դիմաց: Բայց Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնում: Ապա ինչպե՞ս կարող է լուծվել հակամարտությունը»:

Նրա խոսքով՝ կա լուծման 3 տարբերակ՝ բանակցություններ, պատերազմ և խաղաղության կնքում՝ գերտերությունները պարտադրանքով: Սակայն, նշեց Վ.Հարությունյանը, ոչ մի տարբերակը չի աշխատում, բանակցությունները դեռ տեսանելի արդյունք չեն տվել, պատերազմ Ադրբեջանը կվերսկսի միայն այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կհաղթի, իսկ երրորդ պետությունները չեն կարող ստիպել, որովհետև ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ն համաձայանգիր ունի Թուրքիայի հետ, վերջինս էլ ՆԱՏՕ-ի անդամ է, գերտերություններն ունեն միջուկային զենք և խուսափում են միմյանց դեմ ուղիղ բախումից, այսինքն՝ ստատուս քվոն կպահպանվի:

Ադրբեջանի հայտարարությունները՝ պատերազմ վերսկսելու մասին, Վ.Հարությունյանն անվանեց շանտաժ, որով ուզում է խուճապ առաջացնել և դատարկել Հայաստանը: Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը դրանով շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը՝ վախեցնելով, թե կզրկվեն նավթից: ՊՆ նախկին ղեկավարի գնահատմամբ՝ հայկական բանակը շատ գրագետ է գործում, և հայկական կողմը միշտ լուծումներ գտնում է:

Անդրադառնալով ՌԴ կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքին՝ Վ.Հարությունյանը դա անվանեց աշխարհում ընդունված քաղաքականություն, միաժամանակ նկատեց, որ զենք վաճառելը նշանակում է գնորդի վրա մեծացնել ազդեցությունը, քանի որ նա պետք է վաճառողից գնի նաև զինամմթերք, տվյալ երկրում վերապատրաստի իր մասնագետներին և այլն:

Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը, ըստ Վ.Հարությունյանի, դրականորեն կնպաստի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, քանի որ եղանակ կփոխվի նավթային շուկայում և Ադրբեջանի դերը կփոքրանա:

Տեսանյութեր

Լրահոս