Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործով դատախազը փորձե՞լ է ներազդել տուժողների վրա. պարզաբանում է Քննչական կոմիտեն

Տևական ժամանակ լուրեր են պտտվում այն մասին, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներից մեկը զանգահարել է տուժող կողմին ու փորձել ներազդել նրանց վրա:

168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով՝ արդյոք գործով տուժողները դիմե՞լ են Քննչական կոմիտե՝ հայտնելով, որ դատախազը փորձել է ներազդել իրենց վրա, արդյոք ՀՀ Քննչական կոմիտեն դատախազի վարքագծի վերաբերյալ դիմե՞լ է ՀՀ Գլխավոր դատախազություն և ի՞նչ է խնդրել:

Ի պատասխան մեր հարցման, ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են. «ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու ուղղությամբ քննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի ներկա բոլոր անձանց գործողությունների բնույթը, բռնություններին մասնակցության աստիճանը հստակեցնելու, անհատականացնելու և համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Քրեական գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը, ըստ անհրաժեշտության, տարբեր գրություններ, հանձնարարականներ և միջնորդություններ է ուղարկում տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի կողմից միջնորդություն՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»: Նկատի ունենալով, որ նշված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով՝ վարույթն իրականացնող մարմինը պարզաբանում է, որ պահանջվող տեղեկատվությունն այս փուլում հրապարակման ենթակա չէ»:

168.am-ը հարցումով դիմել է նաև ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից մեր հարցմանը դեռ չեն արձագանքել:

Նշենք, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարություն Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ.Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:
Հարություն Զաքարյանն ու նրա եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը, գործով տուժող են ճանաչվել: Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ինչպես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, այնպես էլ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Մեղադրանք է առաջադրվել Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Էյներ Խաչատրյանին, մյուս եղբորորդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տեսանյութեր

Լրահոս