Աբովյանի քաղաքապետը բիզնես ունի՞, թե՞ չունի. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» իր այսօրվա համարում գրում է. «Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հերքում է նախընտրական քարոզարշավում իր իսկ կողմից արված հայտարարությունը իբր իր գործարար լինելու մասին։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանի պաշտոնի ստանձնման հայտարարագիրը, որտեղ որևէ բիզնեսի հետք չի երևում չնայած, որ Գևորգյանը ընտրությունների նախընտրական շրջանում պնղում էր, թե Գագիկ Ծառուկյանն իրեն ֆինանսապես չի աջակցում և որ ինքը ծախսերը կատարում է իր բիզնեսի շնորհիվ։ Մասնավորապես ս/թ մայիսի 30-ին «Հ3» հեոուստաընկերության եթերում, պատասխանելով լրագրող Կարմեն Դավթյանի հարցերին, Վահագն Գևորգյանն ասել էր հետևյալը.
«Գագիկ Ծաոուկյանի աջակցությունը միայն բարոյական է, ինչի համար ես շնորհակալ եմ։ Փառք Աստծո, ես կայացած մարդ եմ, ես ունեմ սեփական բիզնես ու իմ քարոզարշավը իրականացնում եմ բացառապես իմ միջոցներով։ Ես ՌԴ-ում ունեմ բիզնես»։
Գևորգյանի հայտարարագրած դրամական միջոցների չափը Ռուսաստանում բիզնես ունեցողի չէ ընդամենը 19 հազար 500 եվրո և 23 հազար 700 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 850 հազար դրամ։ Անգամ այս ամբողջ գումարը հազիվ կբավականացնի քաղաքապետի ընտրություններում քարոզարշավ կազմակերպելու համար պաստառներ, հանդիպումներ, հեռուստատեսային եթեր, միգուցե՝ հյուրասիրություններ և այլն։ Երեկ, սակայն, Վահագն Գևորգյանը, իր օգնականի միջոցով մեկնաբանելով իր՝ բիզնես ունենալու հայտարարության և հայտարարագրում գրառած տեղեկությունների հակասությունը, մեր թղթակցին փոխանցել է, որ ինքը բիզնես չունի։
Քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանը հայտնել է, որ պարզապես Գևորգյանի ընկերները Ռուսաստանում բիզնես ունեն և ընկերական աջակցություն են ցուցաբերել նրան։ «Անձնական բիզնես իր անունով, Գևորգյանը Ռուսաստանում չունի։ Եթե անձնական բիզնես ունենար, կհայտարարագրեր»,- պատասխանել է Հակոբյանը։ Լրագրողի հարցին այդ դեպքում ինչո՞ւ էր Գևորգյանը քարոզարշավի ընթացքում հայտարարում, որ բիզնես ունի, Հակոբյանը պատասխանել է. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ սայթաքել կարելի է»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։