Եթե ոստիկանները չպատժվեն` «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կրկին Բաղրամյան «կայցելի»
Քիչ առաջ Շարլ Ազնավուրի անվան հրապարակից մեկնարկեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ նախաձեռնության 3 պահանջները հետևյալն են՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այսօրվա երթին նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հրաման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»:
Ցուցարարները երթին մասնակցում են տարբեր ոստիկանների լուսանկաներով պատրաստված պաստառներով, որոնց վրա գրված է՝ «պատժել»: Այդ լուսանկարներում պատկերված են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը կարդաց «Ոչ թալանին» նախաձեռնության պատասխանը Ոստիկանության երեկ տարածած հայտարարությանը. ««Ո՛չ թալանին» նախաձեռնությունը գտնում է, որ ոստիկանությունը հերթական անգամ փորձում է իմիտացիոն քայլերով մեղմել ժողովրդի զայրույթը: «Ո՛չ թալանին»-ը պահանջում է պատժել անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին և պատժել քաղաքացիական հագուստով այն մարդկանց, ովքեր որպես ոստիկան էին հանդես գալիս հունիսի 23-ին: Եթե մեր պահանջները չկկատարվեն՝ ամբողջ պատասխանտվությունը ընկնելու է անձամբ Վովա Գասպարյանի վրա»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արթուր Քոչարյանն էլ հայտարարեց, որ եթե այս հարցը կրկին անտարբերության մատնվի, սա կբերի Բաղրամյան փողոց կրկին իրենց այցելության:
Լուսանկարները՝ Ռազմիկ Մարտիրոսյանի: