Կինը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից. սպանության մեջ մեղադրվում է նրա ամուսինը
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2014թ. օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած սպանության գործի քննությունը: Քրեական գործի շրջանակներում Է. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ` կնոջն ապօրինաբար զրկելով կյանքից:
Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեցին ամբաստանյալի հայրն ու քույրը: Հայրն ասաց, որ որդին վարկ է վերցրել, ինչի արդյունքում իրենք վաճառել են իրենց բնակարանը, փակել գումարը, այլ բնակարան գնել: Նա նշեց, որ սկզբնական շրջանում որդու ու հարսի հարաբերությունները նորմալ են եղել. «Վերջում սավսեմ հարսի փոփոխություն եղավ՝ ոչ սիրում էր…»,- ասաց նա:
Ըստ նրա՝ որդու ու հարսի միջև վեճեր են եղել. «Ես էլ՝ որպես 85 տարեկան մարդ, ասում էի՝ հարս ջան, տղա ջան, ամոթ է, չի կարելի, հարևանները ձեր այդ խոսքերն իմանում են, նստեք ձեր տեղում, բայց հարսս ասում էր՝ շան պես մի հաչա, զարկում-գցում էր ինձ դիվանին»: Դատավորի հարցին, թե ինչն էր վեճերի պատճառը, վկան պատասխանեց, որ վեճերի պատճառը չի իմացել, տեսել է, որ հարսը հեռախոսով հաճախ է խոսել. «Մենակ լսել եմ, որ երկու անգամ (նայել եմ) ականջին՝ սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ քեզ»: Դիտարկմանը, որ վկան վատ է լսում, և հարսը պետք է գոռա՞ր, որ նա լսեր, վկան պատասխանեց՝ կամա՜ց խոսում էր: Հաջորդ հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը լսել, վկան պատասխանեց, որ ինքը մոտեցել է:
Վկան ասաց, որ դեպքի օրն այգի է գնացել, ետ վերադարձել, չի կարողացել դուռը բացել, զանգել են փրկարար ծառայություն, դուռը ջարդել են, իրեն ներս չեն թողել, սակայն պատմել են, որ հարսին ու տղային տեսել են ընկած վիճակում, տղային տեղափոխել են հիվանդանոց, հետո իրեն ասել. «Տղեդ շնչում ա»:
Ամբաստանյալի հայրն ասաց նաև, որ հետագայում որդին իրեն պատմել է, որ դեմ դիմաց նստած խոսել են, հետո պայուսակի տակից կինը հանել է դանակը ու «կոխել ստամոքսը». «Ասում է՝ ես մի կերպ ձեռից խլեցի դանակը, էլ չեմ գիտի՝ ոնց եմ խփել, ընկել ա»:
Դատախազի հարցին՝ արդյոք իրեն որևէ մեկը խորհուրդ տվե՞լ է՝ ինչ ցուցմունք տա, վկան պատասխանեց, որ 85 տարեկան է, շատ խելացի է, գիտուն մարդ, ոչ մեկի չի լսում. «Ես իմ գլխին խելք ունեմ»:
Տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել նրա աղջիկը, ով դատավորի հարցին՝ արդյոք հարց ունի՞, արձագանքեց. «Ամեն ինչը սկզբից մինչև վերջ սխալ, սուտ խոսում է, ես էլ ի՞նչ հարց տամ»:
Դատարանում ցուցմունք տալիս ամբաստանյալի քույրն ասաց, որ իրենք իմացել են, որ եղբոր ու նրա կնոջ միջև վեճեր են եղել, կինը վիրավորել է ամուսնուն, իսկ ամուսինը կասկածներ է ունեցել նրա անհավատարմության հետ կապված: Նա նշեց, որ եղբայրը հետագայում պամել է, որ նստած են եղել, եղբայրը հանել է դանակը, դրել սեղանին, կնոջն ասել՝ պատմի՝ ինչ ես արել, խոսել են, այդ ընթացքում կինը հաջողացրել է, վերցրել դանակը ու ասել՝ ճանապարհիս մի կանգնի: Ըստ վկայի ցուցմունքի՝ եղբայրն իրեն պատմել է, որ կնոջ առաջին հարվածը մտել է թոքը, եղել են այլ հարվածներ ևս, խլել է դանակը, երևի ինքն է վնասվածքներ հասցրել կնոջը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին: