Բաժիններ՝

Անկարան` վերահսկված քաոսում

Հայկական լրատվամիջոցները չպետք է մեքենական պատճենահանումով շրջանառության մեջ դնեն Թուրքիայում կատարված վերջին ձերբակալությունների լուրը: Հիշենք պատահարը. Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկ ծառայության ուժերը Ստամբուլում ձերբակալել են 30 անձանց, որոնք ցանկանում էին Թուրքիայի տարածքով անցնել Սիրիա եւ Իրաք, որպեսզի համալրեին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերը: Ձերբակալվածների թվի մասին կան հակասական տեղեկություններ: Հրապարակված թվերը իրարից մեծ տարբերություն չունեն, այդ առումով էլ քանակն այս դեպքում էական նշանակություն չունի:

Պարզ է, թե ինչու՛ չպետք է կատարել լուրի պատճենահանումն առանց մեկնաբանության: Անկարան այս ձեւով ցուցադրում է իբրեւ թե մասնակցություն հակաահաբեկչական պայքարին: Եւ ներկայացված թվի աստեղային քանակով բազմապատկված ահաբեկիչներ են սնվել Թուրքիայից, Թուրքիայում տեղակայվել, Թուրքիայից ֆինանսավորվել եւ Թուրքիայից անարգել անցել դեպի Սիրիա եւ Իրաք:

Այս ցուցադրությունը մատնում է Անկարայի անհանգստությունը: Քաղաքական լրջագույն անհանգստություն, որ ԻՊ-ին սատար կանգնելու մեջ  էր տեսնում քրդերի միավորման արգելակումը: Սիրիա ներխուժել-չներխուժելու պարանաձգությունը, անվտանգության գոտու ստեղծման հանկերգումը բաղադրիչներ են անհանգստության համապատկերին:

Մեծ յոթնյակի հանդիպման ավարտին ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքն ուղղված Անկարային` սահմանից թափանցումները արտոնելու դիմաց, բնականաբար անտարբեր չէին կարող թողնել Անկարային: Խաղը վերահսկված է. ԱՄՆ-ի օդային հարվածներով սահմանափակում են ԻՊ-ի դեմ պատերազմը եւ հակազդում են միայն այն դեպքում, երբ արտոնյալ սահմաններից դուրս են գալիս ԻՊ-ի զինյալները, մյուս կողմից աջակցում են ԻՊ-ի դեմ համախմբվող քուրդ զինյալ դիմադրությանը եւ ինքնապաշտպանությանը` արգելակելով Անկարայի կողմից նախաձեռնվելիք ենթադրյալ ներխուժումը Սիրիա:

Ավելի պարզեցնենք. ԻՊ-ին արտոնվել է շարունակել կառավարական բանակի թուլացման ռազմարշավը` առանց դուրս գալու ճշտված սահմաններից: Օգնել իրողապես ինքնավար Քուրդիստանի կայացմանը եւ հարկ եղած ձևով սանձել ԻՊ-ի զինյալների մուտքը թուրքական տարածքներից: Վերահսկելի քաոսի այս բանաձեւը մինչ այժմ աշխատում է` դժվարացնելով քաղաքական գնահատականի եզրահանգումների ձեւակերպումը:

Թուրքիայի կողմից միջազգային ահաբեկչությանը տեր կանգնելու փաստի գեթ քարոզչական մակարդակի միջազգայնացմանը գալիս է ավելանալու նաեւ Միջին Արեւելքի քրիստոնյաների ցեղասպանության հովանավորչությունը կատարելու հռչակը: Ֆրանցիսկոս պապը, Վատիկանում Միջին Արեւելքի քրիստոնյաների կրած տառապանքները համեմատելուց հետո Հայոց ցեղասպանության հետեւանքները կրողների հետ, այս անգամ Հարավային Ամերիկայում ուղղակի ցեղասպանություն որակեց նույն տարածաշրջանի քրիստոնյաների կրած արհավիրքները:

Պարզ էր ուղերձը. համեմատությունը առաջինի դեպքում միայն տառապանքներին չէր վերաբերում, այլ գործադրողներին եւ գործադրել տվողներին: Եթե Հայոց ցեղասպանությունը իրականացվել էր ուղղակի Օսմանյան կայսրության կողմից, ապա 21-րդ դարում Միջին Արեւելքի քրիստոնյաները տեղահանվում եւ ջարդվում էին դարձյալ թուրքերի կողմից միջնորդավորված կամ լիազորված կերպով: Միջին Արեւելքի քրիստոնյաների ապրած ցեղասպանության առաջին ճանաչումն էր, որ կատարվեց Ֆրանցիսկոս պապի կողմից:

Ուրեմն, Անկարան ոչ միայն միջազգային ահաբեկչություն սերմանելու մեղադրանքի տակ էր, այլ նաեւ լիազորված ցեղասպանություն իրականացնելու:

Քարոզչաքաղաքական այս ճնշմանն դիմաց ԻՊ-ի մի  քանի տասնյակ զինյալ ձերբակալելը թատերական ներկայացման մեկ արար է պարզապես: Նման բեմականացումները, թվում է, որ ուշացած են եւ դժվար թե կարողանան փոխել Անկարայի վաստակած հռչակը այս առումներով:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս