
Բանգլադեշում ավելի քան 20 մարդ է մահացել անվճար հագուստ բաժանելիս առաջացած հրմշտոցի հետևանքով

Բանգլադեշի Միմիենսինգհ քաղաքում նվազագույնը 23 մարդ է մահացել աղքատ ընտանիքներին անվճար հագուստ բաժանելու ժամանակ, հայտնում է BBC-ն: Նվազագույնը 50 մարդ տուժել է: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա:
Մոտ 1500 մարդ է հավաքվել այն ֆաբրիկայի մոտ, որի տերերը հայտարարել էին անօթևան մարդկանց անվճար հագուստ բաժանելու մտադրության մասին:
Նշվում է, որ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին հանրապետության հարուստ բնակիչները հագուստ են նվիրաբերում:
Մարդիկ հավաքվել են նեղ դարպասների մոտ, ինչի հետևանքով հրմշտոց ու իրարանցում էր առաջացել:
«Մահացածների մեծ մասը աղքատ ու հյուծված կանայք են»,-հայտնել են ոստիկանությունից:
Իրավապահները ձերբակալել են 7 մարդու, այդ թվում՝ գործարանի սեփականատիրոջը: