
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները

Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Վարչապետները քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարևոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերն ու ծրագրերը:
Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր: