Հացադուլ հայտարարած ակտիվիստների կոչը՝ հասարակությանը
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին միացել են ևս 4 ցուցարար՝ Աշոտ Շահնազարյանը, Ռոման Գալստյանը, Սերյոժա Խաչատրյանը և Գոռ Կարապետյանը:
168.am-ի հետ զրույցում Գոռ Կարապետյանը հայտնեց, որ իրենց հացադուլի նպատակն այն է, որ ժողովուրդը միանա իրենց և վաղը 19:00-ին գա Ազատության հրապարակ. «Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր ռեստորաններում, բարերում և նման ժամանցային կենտրոններում ժամանակ են անցկացնում, կարելի է այդ ժամանցից մեկ ժամ հատկացել մեզ, որ մենք ավելի շատ լինենք, մենք չորս կամ հարյուր հոգով ոչինչ չենք կարող փոխել: Մեզ պետք է, որ ժողովուրդը մեզ հետ լինի, ու մեզ այնպիսի մարդիկ են պետք, որ չասեն՝ ոստիկանությունը եկավ, ու փախչեն, մեզ պետք են ուժեղ և հավատարիմ մարդիկ»:
Եթե վաղը չհավաքվի մարդկանց այն քանակը, որն ակտիվիստներն են ակնկալում, նրանք շարունակելու են իրենց հացադուլը, իսկ եթե հավաքվեց՝ իրենք ունեն հստակ պլան, թե ինչ են անելու, բայց դրա մասին դեռ չեն ուզում խոսել:
Նշենք, որ Ազատության հրապարակում իր բողոքի ակցիան էր իրականցնում նաև 11-ամյա կիթառիստ Արայիկ Գևորգյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ է էլեկտրաէնրգիայի սակագնի թանկացմանը, քանի որ այդ պարագայում իր մայրիկը ստիպված է լինելու ավելի շատ աշխատել ու ավելի քիչ ժամանակ իր հետ անցկացնել: Արայիկը մի քանի հայրենասիրական երգեր կատարեց՝ որպես իր բողոքի արտահայտման ձև:
Մանրամասները՝ տեսանյութում: