
Հայազգի ֆուտբոլիստը մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Տորինոյի» աջ պաշտպան Մատեո Դարմիանի ձեռքբերմանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Տորինոյի» միջև բանակցությունները վաղուցվանից են գնում, և «Մանչեսթեր Յունայթեդի» երկու առաջարկությունները չընդունելուց հետո թուրինցիները վերջապես համաձայնել են վաճառել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ, հայազգի պաշտպան Մատեո Դարմիանին` 18 մլն եվրոյով:
Մատեո Դարմիանն ունիվերսալ պաշտպան է, ով կարողանում է խաղալ ինչպես՝ պաշտպանության երկու եզրերում, այնպես էլ՝ կենտրոնում:
«Տորինոյի» կազմում ֆուտբոլիստը խաղացել է 4 մրցաշրջան: Այդ ընթացքում Մատեոն անցկացրել է 133 հանդիպում: Նրա ակտիվում կա 3 խփած գնդակ և 6 արդյունավետ փոխանցում:
«Կարմիր սատանաներն» այսպիսի պաշտպանի կարիք ունեն հատկապես այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց բրազիլացի Ռաֆայելին տրանսֆերի հանելու մասին: Վերջինս, հնարավոր է, տեղափոխվի «Գալաթասարայ», «Նապոլի» կամ «Ֆիորենտինա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը