«Չկա նման բան». ՀԷՑ-ի խոսնակը հերքում է ընկերության վաճառքի մասին լուրերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ նկատմամբ տուգանքներ կիրառել՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի չափով:
Նիստի ավարտից հետո ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը կրկին անպատասխան թողեց լրագրողների հարցերը՝ հորդորելով հարցերն ուղղել ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանին: Վերջինս հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Ե. Բիբինը ազատվելու է պաշտոնից:
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է վաճառվի ՀԷՑ-ը՝ Ն. Սարջանյանը բացասական պատասխան տվեց, ասելով՝ «Չկա նման բան»: Դիտարկմանը, որ երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100% սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը չբացառեց ՀԷՑ-ի վաճառքի հնարավորությունը, ՀԷՑ-ի մամուլի խոսնակն այսպես արձագանքեց. «Պարոն Կովալչուկը ոչ թե չբացառեց, այլ ընդամենը նշեց, որ «Ինտեր ՌԱՕ»-ն պատրաստ է գնել ցանկացած ակտիվ և վաճառել՝ իրենց համապատսխան գին առաջարկելու դեպքում»: Նա նաև նշեց, որ հիմա ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված որևէ բանակցություն տեղի չի ունենում:
Խոսելով ՀԷՑ-ի նկատմամբ ՀԾԿՀ-ի կիրառած այսօրվա տուգանքների մասին ՝ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք դա որպես ՀԷՑ-ի նկատմամբ ճնշում չե՞ն դիտարկում ՝ հաշվի առնելով, որ խախտումները տարբեր տարիներին են տեղի ունեցել, բայց հենց հիմա է խոսվում դրանց մասին: Ի պատասխան՝ ՀԷՑ-ի մամուլի խոսնակն ասաց, որ վարչական վարույթ հարուցելը երկարատև գործընթաց է, իսկ թե ինչո՞ւ հենց հիմա որոշվեց դա անել՝ չմեկնաբանեց:
Հարցին՝ Ե. Բիբինն ինչո՞ւ չի խոսում լրատվամիջոցների հետ, Ն. Սարջանյանը պատասխանեց. «Երկու ժամ խոսեց նիստում: Եթե ընկերության հետ կապված ունեք որևէ հարց՝ ինձ տվեք»: Հարցին էլ՝ ընկերության ֆինանսական վիճակն այսօրվա դրությամբ ինչպիսի՞ն է, նա պատասխանեց, որ նույն վիճակում է: Նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը չի մտածում իրեն սնանկ ճանաչելու մասին: