Բաժիններ՝

Այս շարժման ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ վերականգնվեց հույսը. Արծրուն Պեպանյան

Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախկինում եղել է իշխանական օղակներում ու չի զարմանա, եթե ՀԷՑ-ում անօրինականություններ պարզվեն:

«Եթե ցանկանում ենք երկրում ինչ-որ բան փոխել, պետք է կարողանանք արժեհամակարգային վերափոխում անել: Սոցիալական խնդիրներն ինձ այդքան էլ չեն հուզել, որովհետև թանկացումներ անընդհատ էլ եղել են, և հասարակությունն այդքան էլ չի ընդվզել, և ես գիտեի, որ սոցիալական ուղղությամբ որ գնաս, արդյունքը քիչ է լինելու: Եթե իշխանությունը որևէ քայլ չանի, ապա քաղաքացիական նախաձեռնություն չի լինի: Եթե հոսանքը չթանկացնեին՝ ոչ ոք չէր ակտիվանա: Հասարակության մեջ չի առաջանում մի շարժում, որ ասեն՝ մենք դժգոհ ենք ստեղծված իրավիճակից և ամբողջական փոփոխություն ենք ուզում երկրում: Մինչ այդ քաղաքական ուժերն էին ցանկանում մարդկանց տանել այդ փոփոխություններին, բայց չստացվեց, ջախջախվեցին, ու ունենք զրոյական վիճակ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ երբ այս շարժումը սկսեց զարգանալ՝ մի արտառոց բան տեղի ունեցավ, որը, իր կարծիքով, չէր մտնում շարժումը նախաձեռնողների ծրագրերի մեջ. «Մարդիկ գնացին Բաղրամյան պողոտա և առանց որևէ հրահանգի, առանց որևէ ծրագրի՝ սկսեցին իրար հանդեպ այլ վերաբերմունք դրսևորել՝ իրար հասնել, օգնել, սատարել: Քաղաքում չէի, բայց ուշադիր հետևում էի մարդկանց վերաբերմունքին: Եվ ովքեր սկզբում չէին գնում Բաղրամյան պողոտա, սկսեցին վերափոխվել, հավատ ունենալ, որ իրենք կարող են երկիրը վերափոխել: Այս շարժման ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ վերականգնվեց հույսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս