Տնօրենների ակումբ Իրենց բիզնեսը նոր հիմնադրողներին իր հաջողակ փորձն է փոխանցում Արթուր Շոմախովը
1. Ձեր աշխատողների աշխատանքի որակը կախված չէ նրանց ստացած աշխատավարձի չափից: Ես դա հաստատ գիտեմ: Բայց Դուք պետք է վճարեք այնքան, ինչքան թույլ են տալիս ընկերության հնարավորությունները: Այս հարցում ժլատությունը վատ գործընկեր է:
2. Եթե Ձեր աշխատողն ասում է, որ կհեռանա, և Դուք միանգամից բարձրացնում եք նրա աշխատավարձը, որ չգնա, ուրեմն Դուք ի սկզբանե նրան քիչ եք վճարել:
3. Եթե Ձեր աշխատողն այս կամ այն պատճառով ուզում է հեռանալ, մի պահեք նրան: Միևնույն է, նա կհեռանա: Այն, ինչ Դուք կարող էիք նրան տալ, արդեն տվել եք:
4. Մեր ընկերությունում անընդհատ պլանավորված խորհրդակցություններ չեն լինում: Երբ բոլորը գիտեն՝ ինչ է պետք անել, հավաքվելու կարիք չկա: Խորհրդակցությունները հրավիրվում են միայն կոնկրետ առիթներով և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է կոլեկտիվ մասնակցություն: Երբեմն ամիսներով խորհրդակցություններ չեն անցկացվում:
5. Այն ամենը, ինչ Ձեզնից պահանջվում է՝ որպես բիզնեսի տիրոջ, մարդկանց՝ աշխատելուն չխանգարելն է, խաղի կանոնները հստակ սահմանելը, Ձեր իսկ կողմից սահմանված օրենքների անվերապահ կատարմանը հետևելը և զարգացման ռազմավարությունը որոշելը: Վերջ:
6. Միշտ՝ որպես աշխատակիցներ, ընտրեք Ձեզ համար հասանելի ու մատչելի լավագույն մասնագետներին: Եվ մի վախեցեք, որ նրանք, հնարավոր է, Ձեզնից խելացի լինեն: Դա նորմալ է: Ի վերջո, նրանք են Ձեզ համար աշխատում, այլ ոչ՝ հակառակը:
7. Երկու մարդ ընկերությունում միշտ պետք է կատարյալ արտաքին տեսք ունենան՝ գործադիր տնօրենը և ընկերության նախագահի օգնականը: Մնացածը կարող են աշխատանքի գալ՝ ինչպես ուզում են:
8. Կան 3 գրքեր, որոնք պետք է կարդան նոր բիզնես սկսողները: Դրանք են՝«Ֆանկ ոճի բիզնեսը», հեղինակներ՝ Կյելլ Նորդսթրեմ, Յոնաս Ռիդդերստալե, «Խիստ մենեջմենթ», հեղինակ՝ Դեն Քենեդի, «Վաճառելով չերևացողը», հեղինակ՝ Հարրի Բեկվիտ (а) «Бизнес в стиле фанк», авторы Кьелл Нордстрем и Йонас Риддерстале, б) «Жесткий менеджмент», автор Ден Кеннеди, с) «Продавая незримое», Гарри Беквита.): Սրանցից շատ բան կարող եք քաղել, իսկ մնացածներն ընդհանուր զարգացման համար են: Հակառակը պնդողների համար ասեմ, որ միայն Ճապոնիայում ուսումնասիրել եմ բիզնեսին վերաբերող 200 գիրք, և պետք է ասեմ, որ իզուր ժամանակ եմ վատնել, ինչի համար ափսոսում եմ:
9. Եթե միշտ միևնույն կետին խփեք և ճանապարհից չշեղվեք, Դուք հաջողության կհասնեք ցանկացած պարագայում: Կրկնում եմ՝ ցանկացած պարագայում: Այստեղ ամենակարևորն ընտրած ուղու հարցում չսխալվելն է: Բայց հենց դրա համար էլ ղեկավարը Դուք եք:
10. Միշտ պատասխան տվեք Ձեր ասածների համար, կամ էլ փակ պահեք բերանը, եթե վստահ չեք ինչ-որ բանում:
11. Գործընկերների և հաճախորդների հետ խոսելիս միշտ Ձեզ մանևրելու իրավունք վերապահեք: Դուք չեք կարող վերջնական արդյունքի վրա ազդող աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունների համար պատասխան տալ, սակայն Դուք կարող եք հասկացնել, որ Ձեզնից կախված ամեն բան կանեք: Սա ճապոնական հնարք է, և այն աշխատող հնարք է, եթե, իհարկե, իրականում ամեն ինչ կանեք:
12. Գործընկերներին վստահել կարելի է և պետք է, սակայն երբեք, ոչ մի պայմանով մի՛ հավատացեք հաճախորդներին: Հնարավոր է՝ Ձեր հաճախորդն անկեղծ մարդ է, բայց վաղը, Աստված մի արասցե, նրա հետ կարող է դժբախտ դեպք տեղի ունենալ, և Դուք պարտքերի տակ կթաղվեք: Ես շատ ընկերություններ գիտեմ, որոնք կործանվել են միայն հաճախորդներին վստահելու պատճառով: Եթե կա հնարավորություն, ապահովագրեք ռիսկերը, չկա, փոխարենը՝ կան կանխավճարներ, ակրեդիտիվներ, բանկային երաշխիքներ և այլն:
13. Դուք պետք է ունենաք կողմնակի պրոֆեսիոնալ աուդիտ, և դա չի քննարկվում:
14. Ժամանակ մի վատնեք տականքների վրա և մի մանրացեք: Ոչ ոքի մի ապացուցեք, որ Դուք ամենախելացին եք: Միայն ձեր գոյության փաստը խանգարում է ինչ-որ մեկի: Ինձնից երկար ժամանակ պահանջվեց սա հասկանալու համար: Ձեր աշխատասենյակի պատից կախեք «Նույնիսկ եթե դուք հրեշտակ եք, ապա ինչ-որ մեկի կնյարդայնացնի ձեր թևերի սոսափյունը» ասացվածքը:
15. Հետևեք ձեր առողջությանը, այլապես Դուք ամեն ինչ կնվիրեք ուրիշներին և, միգուցե, ոչ մտերիմներին:
16. Վստահեք ինքներդ Ձեզ: Եթե Ձեզ թվում է, որ ինչ-որ բան այն չէ, ուրեմն հաստատ այն չէ:
17. Ձեր և ընկերության հեղինակությունն այն չէ, ինչը հաճելի է աչքի համար, այլ այն, ինչը պատվերներ է բերում:
18. Ինտիմ կապի մեջ մի մտեք Ձեր աշխատակցի (ուհու) հետ, անգամ, եթե նա ամենաչքնաղն է ողջ աշխարհում: Այդ կապը միշտ չէ ավարտվում այնպես, ինչպես Դուք կուզենայիք:
19. Թույլ մի տվեք, որ Ձեր ընկերությունում ընտանեկան զույգ աշխատի: Այդ դեպքում նկատողությունը ստանում է մեկը, իսկ մռայլվում են 2-ով: Մեր ընկերությունում այս օրենքը գործում է հիմնադրման պահից: Մարդիկ այստեղ ծանոթանում էին, ամուսնանում, սակայն բոլորը գիտեին խաղի կանոնները, և նրանցից մեկը հեռանում էր ընկերությունից: Եվ հետո դրա համար շնորհակալություն էին հայտնում:
20. Լուրջ ուղղություններով միշտ աշխատում են մինիմում 2-ը: Մինիմում:
21. Ձեր ողջ հեղինակությունը հօդս է ցնդում ճիշտ այն ժամանակ, երբ Դուք չեք կարողանում աշխատավարձ վճարել: Շատ տխուր տեսարան է:
22. Բիզնեսը կապիտալ հավաքելու աշխատանք է, ոչ թե ամենամսյա շահույթ ստանալու: Եթե Դուք Ձեր ընկերությունը չեք կարողանում վաճառել այն պատճառով, որ այն ոչ ոքի պետք չէ, ապա Դուք նույնպիսի վարձու աշխատող եք, ինչ մյուսները, միայն թե Ձեր պատասխանատվության չափն ավելի բարձր է:
23. Մի փորձեք Ձեր ընկերությունում եղբայրության և ընտանեկան ավանդույթների մթնոլորտ ձևավորել: Դա ոչ ոքի պետք չէ: Մարդիկ Ձեզ մոտ գալիս են՝ գումար վաստակելու, իսկ Դուք Ձեր աշխատանքն եք անում: Ահա և վերջ:
24. Եղել են տարիներ, երբ իմ աշխատողներն ինձնից շատ են վաստակել: Դա գիտակցելը հեշտ չէ, սակայն, եթե սկսում եք 0-ից, դա անխուսափելի է:
25. Որոշակի ժամանակահատվածից սկսած՝ Դուք ստիպված եք վերցնել ուրիշի փողերը, որովհետև Ձեր ունեցածն արդեն չի հերիքում: Դա անխուսափելի չարիք է: Այլապես չեք զարգանա: Զգույշ եղեք նրանց ընտրության հարցում, ովքեր Ձեզ իրենց ֆինանսներն են առաջարկում: Փողը սև էներգետիկա ունի: Ծայրահեղ ուշադիր եղեք այսօր, թե չէ վաղը մեկ «սխալ» դոլարը վաղը կարող է խլել ամեն ինչ:
26. Երբ Ձեր գաղափարներին չեն հավատում, նորմալ է: Կարևոր է, որ Դուք ինքներդ հավատաք դրանց, քանզի հավատը հանգեցնում է ռազմավարության մշակման, իսկ վերջինս էլ՝ նպատակների իրագործման:
27. Բիզնեսում ամենակարևորը կանխազգացումն է: Մարքետոլոգներ, սոցիոլոգներ, խորհրդատուներ պահելն իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի հասել եք:
28. Որքան էլ շուկան հագեցած լինի, միշտ էլ ևս մեկ բիզնես սկսելու տեղ և ժամանակ ճարվում է:
29. Եթե փող չունեք, գնացեք ծառայությունների մատուցման ոլորտ, իսկ եթե ունեք, արտադրություն հիմնեք:
30. Նույնիսկ, երբ ոչինչ չի ստացվում, միշտ էլ կարելի է սկսել նոր էջից, քանի որ Դուք անվերապահորեն կատարում եք 15-րդ կետի պահանջը, այնպես չէ՞:
31. Որպեսզի, ասենք, Մոսկվայից Տոկիո թռչես, պարտադիր չէ՝ լինես օդաչու, ավիակոնստրուկտոր, ավիաշինարար կամ տեխնոլոգ: Բավարար է լինել ուղևոր: Նույն տրամաբանությամբ էլ Ձեր գործն օղակները միավորելն է, այլ ոչ թե դրանք նորից կռելը:
32. Հաջողակ ու երջանիկ է այն բիզնեսմենը, ով կարողանում է իր ապրանքը Չինաստան արտահանել: Հաճախորդներ փնտրեք ոչ թե կողքի բակում, այլ ամբողջ աշխարհով մեկ:
33. Դիրքերը պահելու համար պետք է շատ արագ վազել, զարգանալու համար՝ վազել՝ գործադրելով ողջ ուժերը: Սա է գրողի տարած իրականությունը:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ