«Երեխան գիրք չի կարդում, որովհետև առաջին հերթին՝ մայրը չի կարդում». ուսուցչուհի
Ընթերցանությունն այսօր մեծ անկում է ապրել նորագույն տեխնոլոգիաների պատճառով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ըթացքում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ հոգեբանի՝ մարդու ուղեղի և մտածողության վրա գիրն ու գրականությունն ունենում են անփոխարինելի ազդեցություն:
«7 տարեկանից, երբ երեխան սկսում է գրել-կարդալ, կտրուկ աճում է ուղեղի ասիմետրիան, այսինքն՝ ուղեղի ձախ կիսագունդը կտրուկ սկսում է զարգանալ, իսկ զուտ տեսողական պատկերների պարագայում՝ նման զարգացում չի լինում: Վաղ դեռահասության տարիքում՝ 11-15 տարեկանում, երեխաներին սկսում են հետաքրքրել պատմավեպերը, արկածային գրականությունը: Իսկ 16-17 տարեկանից սկսած նրանք կարդում են մեծահասակների համար նախատեսված գրքեր՝ հիմնականում ՝ վեպեր, սիրավեպեր:
Բանն այն է, որ 13-14 տարեկանից սկսում է ձևավորվել տեսական, տրամաբանական մտածողությունը, որից հետո՝ 16-17 տարեկանում, պատանին լիովին կարող է համեմատվել մեծի հետ»,- ասաց նա:
Ուսուցչուհի Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ դպրոցը հենց այն վայրն է, որտեղ պետք է ուսուցիչը՝ երեխայի ձեռքը բռնած, առաջնորդի գրքերի խորհրդավոր աշխարհը. «Մենք ասում ենք՝ երեխաները չեն կարդում, իսկ ինչո՞ւ չեն կարդում, որովհետև մենք չենք մշակել մշակույթ, որ գիրքը դառնա կարևորագույն արժեք: Երեխան ծնված օրվանից սկսած՝ պետք է գիրք նվեր ստանա: Երեխան չի կարդում, որովհետև առաջին հերթին՝ մայրը չի կարդում, մայրն էլ է զբաղված համակարգչով, հեռուստացույցով:
Մայրը պետք է կարևորի գրքի գոյությունն իր տանը, իր շրջապատում: Երեխային մենակ ենք թողել ու ասում ենք՝ չի կարդում: Ուստի՝ դպրոցը հենց այն վայրն է, որտեղ գիրքը պետք է արժեք դառնա: Այսօր մեր երեխաների վիճակը բարդ է, որովհետև դպրոցն ու ընտանիքը չեն համագործակցում»: