Բաժիններ՝

Azdarar.am՝ նոր գլխացավանք վարորդների համար

«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ու նույն ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրեցին, որ այսուհետ վարորդները պետք է անընդհատ մուտք անեն azdarar.am կայք, որպեսզի տեղեկանան՝ հանրային ծանուցում առկա՞ է, թե՞ ոչ:

«Նախկինում վարորդները համարվում էին ծանուցված, երբ փոստատարը բերում էր նամակը, իսկ վարորդը համապատասխան թղթում լրացնում էր իր տվյալները: «Բարեփոխումների» արդյունքում՝ այսօր ունենք հետևյալը. եթե փոստատարը նամակը բերում է տուն և հասցեատերը տանը չի լինում, նամակը հետ է ուղարկվում: Դրանից հետո տեղադրվում է հանրային ծանուցում՝ azdarar.am կայքում, որտեղ մուտք անելով մեքենայի հաշվառման վկայականի համարը և մեքենայի պետհամարանիշերը, վարորդը կարող է իրազեկվել՝ արդյո՞ք Ճանապարհային ոստիկանությունից ստացել է որոշում, հանրային ծանուցում առկա՞ է, թե՞ ոչ: Եթե վարորդը չի ստուգում այդ կայքի միջոցով, ապա 3 օր անց (անկախ նրանից՝ վարորդը տեղյակ է, թե ոչ) վարորդը համարվում է պատշաճ կերպով ծանուցված: Դրանից հետո որոշումն ուղարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման մարմին, որտեղ գումարն ավելանում է և վարորդները կրկին անգամ տուգանվում են: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր քաղաքացիները գիտեն այս մասին, կամ ոչ բոլորն են կարողանում օգտվել այս համակարգից»,- ասաց իրավաբանը:

Էդուարդ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ որոշ պատգամավորներ այս հարցը բարձրացրել են և գտնում են, որ սա հակասահմանադրական է. «Երբ հասնենք այն մակարդակին, որ բոլորս պետք է պարտադիր օգտագործենք տեղեկատվական ժամանակակից միջոցները, դա ուրիշ է, բայց այսօր վաղ է նման որոշումն ընդունելը: Վատն այն է, որ միանգամից ուղարկում են հարկադիր, այլ ոչ թե դատարան»:

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում իրավաբան Արմինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ  այնուամենայնիվ կա մի ուրախալի նորություն վարորդների համար. նրանք այլևս ստիպված չեն լինի վճարել հին ավտոմեքենաների գույքահարկը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս