Բաժիններ՝

2015թ. հուլիսի 10-ից վարորդները կանգնելու են նոր խնդրի առջև

«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ 2015թ. հուլիսի 10-ից վարորդները կանգնելու են նոր խնդրի առաջ: «Վարորդների համաներում ասվածն ուժի մեջ մտավ 2015թ. հունվարից: Դրանով նախատեսված էր, որ վարորդները պետք է տուգանքներ վճարեին այն չափով, որքանով որ տուգանվել էին, այսինքն՝ տուգանքների մայր գումարները: Մինչև 2012թ. վարչական ակտերը անվավեր ճանաչվեցին, իսկ 2012 թվականից 2014 թվականի ավարտը կատարված իրավախախտումների համար այն տուգանքները (որոնք հնգապատկվել էին, Դատական ակտերի հարկադիր կատարման մարմին էին ուղարկվել և դրանց ավելացել էր ծառայության վճարներ)՝ հանվեցին: Վարորդներին տրվեց 6 ամիս ժամանակ, որը լրանում է 2015թ. հուլիսի 9-ին, որպեսզի վճարեն տուգանքների մայր գումարները:

Սակայն մինչ օրս «Աքիլես» կազմակերպությունում ահազանգեր են լինում, որ վարորդները տեղյակ չեն եղել այս 6-ամսյա ժամկետի մասին և, ունենալով տասնյակ որոշումներ, ուղղակի անելանելի վիճակի առջև են կանգնում: Ստացվում է, որ հանրությանը պատշաճ կերպով չեն իրազեկել, արդյուքնում՝ վարորդները չեն տեղեկացել համաներման մասին, և հուլիսի 9-ից հետո կրկին կանգնելու ենք խնդրի առջև, որովհետև այս դրական ակտի օգուտը զգացել են շատ քիչ վարորդներ, իսկ հուլիսի 10-ից վարորդները կստանան հնգապատկված որոշումներ ու դրան գումարած՝ ԴԱՀԿ մարմնի գումարները:

Կոչ ենք անում բոլոր վարորդներին գնալ Ճանապարհային ոստիկանություն, տեղեկանալ, թե նախկինում եղած ինչ վարչական որոշումներ ունեն, վճարել մայր գումարները, որպեսզի հետագայում ՝ հուլիսի 10-ից, այլևս խնդիրներ չունենան՝ հավելյալ գումարներ վճարելու: Ցանկալի կլիներ, որ այդ ժամկետը երկարացվեր, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում, ուստի բոլոր հնարավոր միջոցներով պետք է այնպես անել, որ վարորդները իրազեկվեն և վճարումները կատարեն»,-պարզաբանեց նա:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս