
Ուրախալի նորություն վարորդների համար

«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վարորդների համար կա մի ուրախալի նորություն. վարորդներն այլևս ստիպված չեն լինի վճարել հին ավտոմեքենաների գույքահարկը:
«Նախկինում վաճառված մեքենաների համար այսօր վարորդները ստանում են գույքահարկի տուգանքներ: Այսինքն՝ ենթադրենք քաղքացին 2000թ. վաճառել է մեքենան՝ առք ու վաճառքի պայմանագրով, որը ենթադրում է, որ գնորդը պարտավորվում է որոշակի ժամկետում մեքենան հաշվառումից հանել և վերագրանցել իր անունով: Հին մեքենաների դեպքում գրեթե ոչ-ոք չի հանել հաշվառումից և վերագրանցել, որի արդյուքնում՝ նախկին սեփականատերը այսօր ստանում է գույքահարկի մեծ տուգանքներ
Մենք նախաձեռնել և նամակ էինք գրել կառավարություն, որպեսզի այդ հարցին շուտափույթ լուծում տրվի, և կառավարությունը ընդունել է 708Ա որոշումը, համաձայն որի՝ մինչև 2011թ. հունվարի 1-ը, այն մեքենաները, որոնք, բացի ԱՊՊԱ տուգանքից, այլ խախտում չեն կատարել՝ 2010թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ, կհամարվեն խոտանված և կհանվեն շտեմարանի ցանկից: Դրանից հետո մեկ ամսվա ընթացքում ՃՈ պաշտոնական կայքում կտեղադրվեն այն մեքենաների պետհամարանիշները, որոնք օրենքի ուժով համարվել են խոտանված:
Ըստ այդմ՝ բոլոր այդ գույքահարկի տուգանքները, որոնք սեփականատերերը այսօր ստանում են, կհամարվեն անվավեր: Կառավարության այս որոշումը հրապարակվել է 2015թ. հունիսի 25-ին, շուտով այն կմտնի օրինական ուժի մեջ, և հուսանք, որ վարորդներն այլևս խնդիրներ չեն ունենա այս հարցի հետ կապված»,- ասաց նա: