
«Դա ողջամիտ որոշում էր». Անդրիաս Ղուկասյանը՝ ջրցան մեքենան Բաղրամյանից դուրս բերելու մասին

«Ոստիկանության զրահամեքենաները ի սկզբանե անիմաստ էին Բաղրամյան պողոտայում, և այն, որ դուրս է բերվել ջրցան մեքենան, դա ողջամիտ որոշում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրիաս Ղուկասյանը:
168.am-ի դիտարկմանը, թե գուցե դա պայմանավորված է նրանով, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց թիվը աստիճանապբար պակասում է և իշխանությունների համար որևէ վտանգ չի ներկայացնում, Ա. Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Իշխանություններն այս ամենի մեջ մտավախությո՞ւն ունեին, որ կարող է խաղաղ հավաքը վերածվի ապստամբության: Առաջին օրվանից ներկայացված էր խաղաղ հավաքի տրամաբանությունը»:
Մեր հարցին՝ բայց արդյոք մարդկանց այդքան մեծ թիվը մտածելու տեղիք չէ՞ր տալիս իշխանություններին, Ա. Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Դուք կարծում եք՝ իշխանությունները մարդկանց մեծ թվից կարող են էմոցիոնալ ապրումներ ունենա՞լ: Եթե մտածելու տեղիք տար, պետք է տեսնեինք ողջամիտ գործողություններ, տեսնում ենք, որ ողջամիտ գործողությունները բացակայում են: Այս ցույցը դադարեցնելու միակ եղանակն է՝ բավարարել ցուցարարների պահանջը»: